Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի, 2024
26.1 C
Yerevan

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։

Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ Auroranews.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է կատարվում նշված զորամասում։

«Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի ենք պահում։ Մեր զրուցակցի խոսքով՝ զորամասում ձևավորված է «կլան», որը ճնշում է գործադրում զինծառայակիցների նկատմամբ։

Ստորև ներկայացված է ՊԲ նշված զորամասի զինծառայող Արայիկ Սարգսյանի լուսանկարը, որն, ըստ մեր աղբյուրների, համարվում է զորամասի ամենավտանգավոր զինծառայողը։

 

«Զբաղվում է դրամահավաքությամբ, իր գլխավորած խմբին են տրամադրել զորամասի 4-րդ դիվիզիոնի շենքը, որը պետությունը նոր է վերանորոգել։ Արայիկը ամեն ամիս գումար ստանալու օրը զինվորներին հավաքում է ու «լոլո» կարդում, գումարը պահանջում, զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար իրենց հասանելիք գումարները նրանց են տալիս»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ «արտոնյալ» զինծառայողները «գումար են աշխատում» նաև զինվորների ձեռքից նոր համազգեստները վերցնելով, ապա զորամասի ներսում վաճառելով։

Խոսելով Վահրամ Ավագյանի մահվան մասին՝ մեր զրուցակիցը նշեց․ «Չգիտեմ կատարվածը ինքնասպանություն է, թե սպանություն, բայց կոնկրետ մեղավորը Արայիկն է, ինքն է սաղի «գլխին»։ Աֆիցերները բան չեն անում, լրիվ բեսպրիդել է տիրում այդ զորամասում, վախենում են ինչ-որ բան անեն»։

 

Ձախից՝ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան է՝ Ռուբեն Մկրտչյանը, պառկածը՝ Արայիկ Սարգսյանը։

«Հավաքվում են գրադի բենզաբակը դատարկած, տեղը ջուր լցրած հայտնի աֆիցեր Արթուր Ղամբարյանի սենյակում»,- պարզեցինք հետաքննության ժամանակ։

Նկարում ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան է՝ Ռուբեն (ձախից՝ առաջինը), նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը (ձախից՝ երկրորդը), ձերբակալվել է զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով), դիվիզիոնի «ասող» Արայիկ Սարգսյանը (ձախից՝ երրորդը), Վաչ Հայրապետյանն (ձախից՝ չորրորդը) ու Խաչիկ Գասպարյանը (ձախից՝ հինգերորդը, նույն գործով մյուս ձերբակալվածը)։

Ըստ մեր աղբյուրի՝ Խաչիկ Գասպարյանը անմիջական մեղավորություն չունի Վահրամի մահվան հետ, պարզապես «թիկունք չունի», և դա է պատճառը, որ ձերբակալվածների թվում է։

 

Ստորև ներկայացված լուսանկարում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի որդին է (աջից)։ Մեր աղբյուրը նրա մասին խոսելիս նշեց․ «Ինքը փափուկ երեխա է , բայց Արայիկը պահում է թևի տակ, որ աֆիցերները հեռու մնան։ Աբրահամյանի տղան ամեն ուրբաթ դուրս է գալիս, երկուշաբթի առավոտյան ներկայանում։

Ստորև ներկայացված լուսանկարում խմբի բոլոր անդամներ են․ «Կարմիր սլաքով նշվածը ԱԱԾ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդին՝ Հակոբ Սահակյանն է, կապույտ սլաքով՝ Արայիկ Սարգսյանը, ում դիվիզիոնում եղել է դեպքը, դեղին սլաքովը ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի տղան է, կանաչ սլաքովը «Շմայսի» տղան է»։

Նշենք, որ ամիսներ առաջ նույն զորամասում ինքնսպան էր եղել ՊԲ ԶՈՒ սպա Արայիկ Ծատուրյանը։ Ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների՝ Ծատուրյանը իմացել է մարտական մեքենայից դիզվառելիքի գողության դեպքի մասին և փորձել է «այդ մասին խոսել», սակայն գործին առնչություն ունեցող մարդիկ զորամասում նրա մասին անձնական բնույթի վարկաբեկող տեղեկություններ են տարածել, ինչն էլ վերջինիս դրդել է ինքնասպանության։

Հատկանշական է, որ Արայիկ Ծատուրյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել ո՛չ պաշտոնական աղբյուրներով, և ո՛չ էլ զանգվածային լրատվամիջոցներով։ Auroranews.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 7 ամիս առաջ, սակայն գործով դեռևս մեղադրյալներ չկան։

Ինչ վերաբերում է մեր աղբյուրի կողմից «գրադի բենզաբակը դատարկած և տեղը ջուր լցրած» սպայի մասին հիշատակմանը, որի անունը Արթուր Ղամբարյան է, ապա նույն ժամանակահատվածում մամուլում նմանատիպ դեպքի վերաբերյալ հրապարակումներ եղել են 2019-ի մայիսի 31-ին։ Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել։ Վերջինիս անունը պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում։ Հայտնի է, որ դեպքի առթիվ սպայի դեմ հարուցվել է քրեական գործ։

Մեր զրուցակցի նշած «հայտնի աֆիցեր» Արթուր Ղամբարյանը, մեր տեղեկություններով, 2019-ի հուլիս ամսից այլևս չի ծառայում ՊԲ-ում։

Ինչպես երևում են լուսանկարներում և ինչպես մեզ հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, նշված զորամասում պարտադիր զինվորական ծառայություն են իրականացնում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի որդին, ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան ՝ Ռուբեն Մկրտչյանը, ԱԱԾ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդին՝ Հակոբ Սահակյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը։

Ուշագրավ է, թե ինչպես է ստացվել, որ այսքան բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են «պատահականության սկզբունքով» ծառայության անցել նույն զորամասում։ Երևի թե նույն «պատահականության սկզբունքով էլ» այս զորամասից զինծառայողներն առաջնագիծ չեն բարձրանում։

Ի դեպ, ամիսներ առաջ նույն զորամասը անցավ զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգին։ Այստեղ նաև վերակառուցվեցին ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմաններ ապահովող մասնաշենքեր։

 

Հեղինակներ՝ Անժելա Հարությունյան, Գոհար Վարդանյան

©  Auroranews․am

Hot this week

Ժետոնը շուտով կմնա անցյալում. մետրոպոլիտենը այս ամսից կանցնի վճարման միասնական համակարգի

Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջն ամբողջությամբ կհրաժարվի...

Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունը էսկալացնելու լեգիտիմության նպատակով․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որում նշվում...

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ,...

Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը. NEWS.am

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ...

Թեմաներ

Ժետոնը շուտով կմնա անցյալում. մետրոպոլիտենը այս ամսից կանցնի վճարման միասնական համակարգի

Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջն ամբողջությամբ կհրաժարվի...

Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունը էսկալացնելու լեգիտիմության նպատակով․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որում նշվում...

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ,...

Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը. NEWS.am

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ...

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 միլիոն 590 հազար դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման...

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img