Այսօր կառավարության հերթական նիստում ներկայացվեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունը։
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Ք-985-13.12.2024-ԵԻ-011/0 վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.
Ելնելով Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած` Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնի 1.1-ին ենթաբաժնից, որի համաձայն` «Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա: Շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսություն սկսելու ուղղությամբ», ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցված դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանը այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը հնարավոր կհամարի, Կառավարությունն առարկություն չունի Նախագծի բովանդակության վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Կառավարությունն առաջարկում է Նախագիծը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես՝ Նախագծի բովանդակային մասը համարակալել հոդվածի տեսքով, ինչպես նաև Նախագծում նախատեսել եզրափակիչ մաս` սահմանելով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը: Բացի այդ, Նախագծում առկա «հռչակում է» բառը առաջարկվում է փոխարինել «հայտարարում է» բառով, իսկ Նախագիծը կարգավորման բեռ չունեցող նախադասություններով չծանրաբեռնելու նպատակով առաջարկվում է հանել Նախագծի նախաբանը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է նախագիծը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության օրենքը Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
Նախագիծը առաջարկվող տարբերակով ընդունելը հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնել Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասումները, ինչպես նաեւ առավել աշխատանքային միջավայր ձեւավորել Եվրոպական միության հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար:
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ կապված՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը չի հանգեցնի ինչպես ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, այնպես էլ պետական բյուջեի ծախսերի ավելացման»։
Նախագիծը զեկուցող Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ առաջարկում են դրական դիրքորոշում արտահայտել և հիշեցրեց, որ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն, նաև ընդգրկել են տարբեր ոլորտներ:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում ընդգծեց՝ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը։ «Սակայն սա չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին՝ բառի ուղիղ իմաստով, քանի որ այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարով։ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե և մասնակիցների սսահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ օրենքի ընդունումից հետո պետք է Եվրոմիության հետ քննարկվի և մշակվի ճանապարհային քարտեզ։
Կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը։