87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը նաեւ համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ԱԺ ամբիոնից հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք. երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովը գլխավոր դատախազից ստացել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդություն:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:
Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, որից հետո փակ գաղտնի քվեարկության արդյունքում միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կամ մերժելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին առավոտյան խուզարկություններ տեղի ունեցան Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, այնուհետեւ նա շուրջ 10 ժամ անցկացրեց ԱԱԾ-ում, որտեղ հրավիրվել էր հարցաքննվելու իր վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում: