Մի քանի տարի առաջ Մաշտոցի այգու «հիվանդ» ծառերը պահպանելու համար սկսվեց բավականին աղմկահարույց քաղաքացիական շարժում։
Շարժման գլխավոր մասնակիցներից էր նաեւ այժմյան քաղաքապետ Հայկ Մարությանը, որը ակտիվիստների հետ արեց ամեն հնարավորը այգին այգի եւ կանաչապատ տարածք թողնելու համար մնա, իսկ այսօր արդեն նույն այգում ծառահատում է տեղի ունեցել երբեմնի պայքարող ակտիվիստից քաղաքապետ դարձած Հայկ Մարությանի օրոք։ Քանի օր է ավագանիները պնդում են, որ ծառերը հիվանդ են եղել ու անպիտան։ Ծառերը հիվանդացել են անցյալ տարի, երբ կառուցապատողը վնասել է ծառերը։ Իսկ այս տարի վնասված ծառերը կտրվել են, որպեսզի կառուցապատողը շարունակի իր գործը։ Կոռուպցիան պոզով-պոչով է լինու՞մ։ Կոռուպցիան կարծու՞մ եք միայն կաշառք տալ-վերցնելն է։ Օրենքով կառուցապատողին տուգանք է հասնում հանրային տարածքն ու բնությունը վնասելու համար։ Այնուհետեւ տուգանքը վճարելուց հետո միայն կառուցապատողը կարող է շարունակել իր գործը, որովհետեւ թույլտվություն ունի այգում ինչ-որ օբյեկտ կառուցելու։ Իսկ թե նման անթույլատրելի թույլտվություն կորզելու արանքում ինչ ծանոթություն, ընկերություն է գործել, չգիտենք, որովհետեւ հիշողության կորուստ չունենք, փառք Աստծո, խոստումներ ենք լսել, որ նախկինների բոլոր տրամաբանությանը հակասող կիսատ գործերը պետք է չեղարկվեին նորերի գալուց հետո, իսկ մայրաքաղաքի կենտրոնում չպետք է որեւէ նոր շինություն կառուցվեր։ Ո՞վ է ծառահատման համար եզրակացություն անողը։Կանաչապատման ինչ-որ մասնագետ, որը ծառերը որակել է հիվանդ։ Մի՞թե եզրակացության տակ ստորագրած պաշտոնյայի ստորագրությունը ամենայն ճշմարտության մասին է։ Ինչու պետք է հավատանք մեկ հոգու, իսկ հանրային քննարկում չլինի։ Ինչպե՞ս էր ստացվում, որ նախկինների ցանկացած որոշում ենթարկում էինք քննության, իսկ նորերի առնչությամբ, որը լեգիտիմ են, համաձայնության ենք գալիս ընդամենը նրանց արած հայտարարությունների համատեքստում։ Դրա համար էլ Մաշտոցի պուրակում այդպես էլ նախկին ակտիվիստներից «կարկառունները» չհայտնվեցին տարածքում’ բացառությամբ մի քանիսի, ովքեր միշտ էլ պայքարի մեջ են եւ չունեն որեւէ պաշտոն ու պետական հաստիք։ Բազմաթիվ գրառումներ եղան, քաղաքապետից այդպես էլ պատասխան չստացանք, մի քանի ավագանու անդամներ «տեղեկացրին», որ կտրված ծառերը հիվանդ են եղել ու վերջ։
Նախկին ռեժիմը լեգիտիմ չէր, եւ ամեն ինչ մեկնաբանվում էր հենց այս համատեքստում` ուզուրպացրել էին երկրի ոչ միայն կառավարման համակարգը, այլ նաեւ փողի դիմաց տարածքներ տալ-առնելու մենաշնորհը։ Հարց է առաջանում, իսկ հիմա, երբ այս իշխանություններին ժողովուրդն է ընտրել, իշխանությունները կարո՞ղ են առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու կանաչ ծառերը կտրել, անունը դնել հիվանդ, տուգանել կառուցապատողին, որը դեռ օդի մեջ խոսակցություն է, եւ գործը գլուխ բերել։ Ո՞վ է սեփականատերը։ Դրա մասին քաղաքապետարանը ոչինչ չի ասում։ Փոխարենը ասում է, որ օրենքը միայն պահանջում է, որ ծառերը վնասելու դեպքում տուգանել կառուցապատողին: Այսքանը։ Իսկ թե ինչո՞ւ է նախկինների գրած օրենքը մնացել երկու տարի անց հեղափոխություն արած ժողովրդի ծոցում, ոչ ոք ոչինչ չգիտի, ոչ ոք ոչինչ չի կարող ասել, որովհետեւ երկրի մայր օրենքը մինչեւ հիմա նախկինների հագով կարած, ներկաներին ձեռնտու մնացել է իր տեղում։
Հ.Գ. Անզեն աչքով երեւում է, որ կտրված ծառերը կանաչ են, իսկ թե ինչպես է կառուցապատողը վնասել ծառերի արմատները, դժվար է մեկնաբանել, որովհետեւ ծառերի կոճղերը կանաչ են։ Կրկնում եմ, եթե հիվանդ է ծառը, ինչպե՞ս է պատահում, որ կտրելուց հետո բները կանաչ են մնում։
Հեղինակ՝ Ա․Հայրապետյան
Լուսանկարները վերցված են Արմեն Բեգոյանի Ֆբ էջից