Կաշառք տալու գործով մեղադրվող ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը ընդունել են իրենց մեղքը

Հայաստանի հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ  սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց  ձևավորված ընտրաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի  մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք  գումարը  որպես ընտրակաշառք  բաժանել են տարածքի ընտրողներին` ՀՀԿ  կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար (յուրաքանչյուրին 10-հազարական դրամ): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառմանը տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձնանց, ինչպես նաև  կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրեական գործը 11 մեղադրանքների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ի դեպ, բոլոր մեղադրյալներն էլ իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են: Այս գործով դատաքննություն դեռևս չի ավարտվել»,- ասաց Սասուն Խաչատրյանը: Նրա խոսքով` առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ողջ շղթան: «Ծառայությունում քննվող մի քրեական գործով վերսկսված նախաքննության ընթացքում` սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, դատարան են ներկայացվել 14 միջնորդություններ` խուզարկության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վերծանելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու համար»,- հայտնեց Խաչատրյանը: Նա նաև հավելեց, որ տարբեր հասցեներում միաժամանակ իրականացվել են մի շարք  խուզարկություններ, կատարվել 64 զննություն, առգրավվումներ,  մի շարք առերեսումներ, դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննության մարմիններին շուրջ մեկ տասնյակ հանձնարարություններ: © Lragir.am

 695 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: