«Իջևան» ԲԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախություն կատարելու հատկանիշներով: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1( խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 2-րդ կետի (խոշոր չափերով) հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն, չկատարելով խոստումը, հափշտակել է գումարը: Իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: © Lragir.am

 412 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: