Ինչպես է եղել «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհման գործընթացը, և ինչ չարաշահումներ է հայտնաբերել գործընթացը ուսումնասիրած հանձնաժողովը

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած իր նամակում, ի դեմս այլ հարցերի, անդրադարձել էր նաև մի շարք ձեռնարկությունների սեփականաշնորհմանը, այդ թվում՝ «ԱրմենՏել»-ի։ «1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակի գործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։

Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 մլրդ դոլարի վնաս։ Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնանկ արվեիր, նորմալը՝ դատվեիր, սակայն 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լարվում»,- նամակում գրել է Շիրխանյանը:

Այն հանձնաժողովի, որի մասին խոսում է Շիրխանյանը, աշխատանքային խմբի ղեկավարը եղել տնտեսագետ, այն ժամանակ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Մովսես Արիստակեսյանը, որն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ պատմեց դեռևս այն ժամանակ կատարված ստուգումներից ու կազմված զեկույցից։

Հաշվետվությունը, որը կազմվել էր հինգ օրինակից, կոչվում էր «ԱրմենՏել»-ի հիմնադրման, ինչպես նաև նրա սեփականաշնորհման գործընթացի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելիությունն ստուգող հանձնաժողովի հաշվետվություն»։

Ըստ Արիստակեսյանի՝ Շիրխանյանի այդ նամակը բավականին հարուստ նյութ է անցումային արդարադատության տեսանկյունից նշված ժամանակահատվածում եղած պետական միջոցների ապօրինի սեփականաշնորհման և կատարված այլ հանցագործությունների մասով։ «Կարծում եմ, որ պարոն Շիրխանյանը պետք է ավելի ազնիվ լիներ և ավելի շատ փաստեր ներկայացներ այն մասին, թե ինչպես է եղել այդ ժամանակահատվածում սեփականաշնորհման գործընթացը ոչ միայն այդ երեք գործարանի մասով։ Պետք է նշեր նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և այլ գույքերի սեփականաշնորհման մասին փաստերը։ Ընդ որում պետք է նայել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի մասով, այլև նրա մերձավոր շրջապատի վերաբերյալ նյութերը, նրան փոխկապակցված անձանց շրջանակը։ Կարծում եմ, որ եթե նոր իշխանություններն իրենք քայլ անեն և սկսեն անցումային արդարադատության իրականացման գործընթաց, որը խիստ անհրաժեշտ է ներկա և անցած սերնդի համերաշխության տեսանկյունից, ապա մի շարք ուշագրավ փաստեր հայտնի կդառնան նախորդ երեք նախագահների, վարչապետների ու նախարարների կողմից պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացի մասով, որոնց վառ ապացույցներից մեկն էլ «ԱրմենՏել»-ն է»,- ասաց Արիստակեսյանը։ Նրա խոսքերով՝ «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհման վերջնական գործընթացը, այո, եղել է Քոչարյանի ժամանակ, բայց մինչ այդ ձեռնարկության բաժնեմասի 41 տոկոսն արդեն սեփականաշնորհված էր, որի համար, մեր զրուցակցի խոսքերով, պատասխանատու են այն ժամանակվա պետնախարար Սեպուհ Թաշյանը, կապի նախարար Գրիգոր Պողպատյանը, ովքեր, ընդամենը 3.5 միլիոն դոլար ներդրում կատարելով, պետությունից տարան 60 միլիոն դոլարի շահույթ և չվճարեցին պետական բյուջե 11 միլիոն դոլարին համարժեք դրամ։ «Հենց սրա հիման վրա էլ մնացած 40 տոկոսի սեփականաշնորհումն իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը, որի համար կառավարության 1999 թվականի հունիսի 25 N 209 որոշումով կայացվում է որոշում «ԱրմենՏել»-ի ողջ պետական մասը միջազգային մրցույթում սեփականաշնորհելու համար։ Այդ որոշումը կատարելու համար նախագահը, վարչապետը, նախարարները, հանձնաժողովի անդամները իրականացրել են բազմաթիվ ապօրինություններ՝ փոփոխելով թե՛ «ԱրմենՏել»-ի կանոնադրությունը, թե՛ նրա գործունեության կարգը, թե՛ դրա սեփականաշնորհման կարգը։ Այս ամենի համար իրենք հանցավոր համագործակցության մեջ են մտել նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք գնահատել են ամբողջ գույքը։ Եթե համեմատենք, թե որքան է գնահատվել գույքը, և որքան գումար է մուտք եղել բյուջե, այ դրա մասին կարելի է խոսել։ Սա ասում եմ նրա համար, որպեսզի ԱԱԾ-ն կարողանա հետամուտ լինել և տեսնել, թե կառավարության այդ որոշումով որ անձինք են ներգրավված եղել, և ինչ գործողություններ են արվել։ ԱԱԾ-ն կարող է նայել 1999 թվականի հունիսի 25 N 209 որոշումը և դրանից հետո բազմաթիվ այլ որոշումներ, որոնցով հող էր նախապատրաստվում ապօրինի սեփականաշնորհման համար։ Այդ ամենում, այո, Ռոբերտ Քոչարյանը հսկայական փողեր է վաստակել»,- ընդգծեց Արիստակեսյանը։

Մովսես Արիստակեսյանը նշեց, որ «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհման պրոցեսի ուսումնասիրությունը մեկ տարուց ավելի է տևել, որի արդյունքում կազմված հաշվետվության մեկ օրինակը Արիստակեսյանը հանձնել է անձամբ կարեն Դեմիրճյանին, սակայն որևէ պրոցես չի հաջորդել հաշվետվությանը, քանի որ եղավ Հոկտեմբերի 27-ը։ «Ես այդ ժամանակ աշխատում էի Քոչարյանի մոտ՝ նախագահի վերահսկողական ծառայությունում։ Քոչարյանը, այսպես ասած, համաժողովրդական պահանջի ներքո համաձայնեց, որ հանձնաժողովը ձևավորվի, այդ ստուգումն իրականացվի, ստուգումը եղավ, բացահայտվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է սկսվել ապօրինի սեփականաշնորհման գործընթացը և դա իրականացվել է ամերիկյան TWT-ի ընկերության միջոցով, որը պատկանում էր Սեպուհ Թաշյանի մտերիմ ընկերոջը: Ստուգումների առաջին փուլը եղավ, Քոչարյանը հաշվետվություններ կազմել տվեց, որպեսզի հետո ծածկադմբոց անի և մնացած մասը ինքը սեփականաշնորհի ու միլիոններ վաստակի։ Իմ կազմած հաշվետվությունը, սակայն, հետևանք չունեցավ։ Այն ժամանակվա Հարկային տեսչության պետ, լուսահոգի Սմբատ Այվազյանն անգամ փորձեց դատախազություն դիմել, գործը գնաց դատախազություն, որպեսզի «ԱրմենՏել»-ը կատարի իր հարկային պարտավորությունները և բյուջե վճարի իր պարտավորություններով նախատեսված գումարը, բայց ոչինչ չստացվեց, «ԱրմենՏել»-ը ոչինչ չվճարեց, որովհետև ուներ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը»,-ընդգծեց Արիստակեսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենք ուսումնասիրել են միայն «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհման գործընթացը, որը տևել է 1 տարուց ավելի և դրա վրա աշխատել է 20 հոգի, բայց մնացած ձեռնարկությունների՝ «Հայոսկին», Կոնյակի գործարանի սեփականաշնորհումը, Արիստակեսյանի խոսքերով, ևս սկսվել է մինչև Քոչարյանը և ավարտվել է Քոչարյանի ժամանակ։

Արիստակեսյանը հույս հայտնեց, որ անցումային արդարադատության ներդրման շնորհիվ հնարավոր կլինի այս բոլոր փաստերը հավաքագրել, այդ պրոցեսներում ներգրավված անձանց, մեղավորներին առաջարկել վերադարձնել պետությունից գողացվածը և գնան հանգիստ ապրեն։ Իսկ եթե նրանք կհրաժարվեն, ապա ձեռնարկվի քրեական պատասխանատվության գործընթաց։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

© 1in.am

 

 123 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: