«էլիտ գրուպի» ու «իմ քայլը» հիմնադրամի խորհրդավոր առնչությունները

Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին՝ ԱԺ ընտրություններից առաջ, երբ համացանցով տարածվեցին «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մկոյանի լուսանկարները՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, որոնք արված էին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ու դրամահավաքի ժամանակ, պարզ էր, որ գործարարը բարիդրացիական հարաբերություններ է ստեղծել նաեւ նոր իշխանության հետ, եւ որ «Էլիտ գրուպի» գործունեությանն առնչվող քրեական գործը կարճման միտում ունի։

Հիշեցնենք՝ խոսքը հարկեր վճարելուց խուսափելու փաստի առթիվ հարուցված գործի մասին է։ «Էլիտ գրուպի» կողմից կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերողները ցուցմունքներ են տվել, որ պայմանագրերում իրենց վճարած գումարներից բնակտարածքների անհամեմատ ավելի ցածր արժեքներ են նշված եղել, որի արդյունքում պետությունը հարկեր ավելի քիչ է ստացել, քան պետք է ստանար, բնակարանատերերն էլ փաստացի վճարված գումարների դիմաց ստացվածից շատ քառակուսի մետրեր ձեռք բերելու իրավունք ունեն։

2018 թվականի նոյեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ (ՀՀ Քրեական օրենսգիրք, 205 հոդվածի 2-րդ մաս)։

Երեւանում «Էլիտ գրուպը» տասից ավելի բազմաբնակարան շենք է կառուցել, եւ մեծ է հավանականությունը, որ բոլոր սեփականատերերի հետ աշխատել են նույն սխեմայով․ երբ տվյալ շենքի շինարարությունը դեռ ավարտված չի եղել, կնքել են առքուվաճառքի նախնական պայմանագրեր, որտեղ նշված է եղել բնակարանի արժեքի մի գումար, իսկ ավարտելուց հետո, երբ պետք է առքուվաճառքի հիմնական պայմանագրեր կնքվեին, վաճառքի այլ գին է նշված եղել։
Երեկ տեղեկություն ստացանք քննությանը մոտ կանգնած աղբյուրից, որ Քննչական կոմիտեում որոշել են կարճել այս գործով վարույթը։ ՔԿ-ից հերքում են, որ քրգործը կարճելու որոշում կա, իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց․ «Քրեական գործը կարճված չէ։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»։

Սա այն եզակի գործերից է, որ ծավալվելու մեծ հնարավորություն ուներ։ Կան մարդիկ, որոնց անշարժ գույքի չափերի եւ անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրում նշված չափերի միջեւ անհամապատասխանություններ կան։ Առնվազն զարմանալի է, որ նոյեմբերից գործ է քննվում, տարբեր ցուցմունքներ ու հաղորդումներ կան, բայց ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։  «Երեք-չորս ամիս կատարվող քննությունն ինչպե՞ս կարող է նման եզրակացության հիմք հանդիսանալ, եթե անգամ չգիտես՝ ինչ ծավալի քննչական եւ դատավարական գործողություններ են կատարվում, ինչ ընթացքի մեջ են դրանք»,- հակադարձում է գլխավոր դատախազի խորհրդականը, սակայն ո՛չ քրեական գործի ընթացքի, ո՛չ էլ գործողությունների ծավալի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդում՝ մեջբերելով նախաքննության գաղտնիությունը։
Գաղտնիության պատճառը կարող է լինել այն, որ, ըստ որոշ աղբյուրների, «Էլիտ գրուպի» սեփականատերը նվիրատվություն է կատարել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որի ղեկավարը, ինչպես հայտնի է, վարչապետի տիկինն է։ Այս տվյալը փորձեցինք ճշտել Աննա Հակոբյանի գրասենյակից։ Նրա մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը մեր հարցումը վերահասցեագրեց «Իմ քայլի» գրասենյակ, իսկ այնտեղից խոստացան արագ պատասխան։ Դրա փոխարեն կարճ ժամանակ անց կապվեցին մեզ հետ եւ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ «Մենք կպատասխանենք օրենքով սահմանված ժամկետում»,- հայտնեցին «Իմ քայլից»։

Ինչո՞ւ անմիջապես գրավոր հարցում չպահանջեցիք։ Գրասենյակի աշխատակցուհին պատասխանեց․ «Այս տեսակ տվյալների դեպքում գրավոր հարցում պետք է ուղարկել»։ Ի՞նչ տեսակի են այս տվյալները։ Մեր այս հարցին Աննա Հակոբյանի գրասենյակից պատասխանեցին․ «Ներկա պահին այս տեղեկատվությունը Ձեզ կարող եմ հայտնել»։ Այսպիսով, կասկածը, որ Արմեն Մկոյանի ընկերության դեմ քրեական գործը կարճում են այն բանից հետո, երբ նա մեծ գումար է փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին, չի փարատվում։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Արմեն Մկոյանից։  Նա, լսելով հարցը եւ գոնե իր փաստաբանի հետ մեզ կապելու խնդրանքը, պատասխանեց․ «Մի քիչ ուշ զանգեք, լիֆտի մեջ եմ»։ Մի քիչ ուշ էլ ընդհանրապես դադարեց պատասխանել զանգերին։

© Hraparak.am

 170 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: