Ես վստահ եմ, որ Աղվան Հովսեփյանի մոտ բազմաթիվ հիվանդություններ կհայտնաբերվեն և նա կգտնվի ազատության մեջ. Մարինա Պողոսյան

| Veles ngo | ,

Այսօր ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է։ Ըստ ՀՔԾ-ի՝

Հովսեփյանը իր պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմամբ, ստացել է կաշառք, կատարել է հափշտակություն, ինչպես նաև փողերի լվացում։

ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ասաց, որ Աղվան Հովսեփյանին դեռ շատ վաղուց էր պետք ձերբակալել։

«Ես ինքս տարիներ շարունակ վկա եմ եղել Աղվան Հովսեփյանի կողմից մարդկանց վերաբերյալ քրեական գործեր սարքելուն, կարելուն։ Բայց այստեղ Աղվան Հովսեփյանի մասին չի խոսքը միայն, որովհետև որևէ մեկը միայնակ դա չի կարող անել, դա համակարգային խնդիր է։ Ու եթե Աղվան Հովսեփյանը այսօր ձերբակալված է՝ դա ոչ միայն կաշառք է պետք դիտարկել, որովհետև կաշառքը չեն տալիս ուղղակի, կաշառքը տրվում է ինչ-որ նպատակով, և Աղվան Հովսեփյանը, բնականաբար միայնակ չէր կարող գործել, այսինքն գործել է մի ամբողջ դատախազական, քննչական հետաքննչական, ԱԱԾ-ական համակարգ, որը թույլ է տվել, որպեսզի աղվանհովսեփյանները կարողանան այդ կաշառքը վերցնել և այդ կաշառքը վայելել»,- ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանը նշում է, որ այս ձերբակալումից պետք չէ ոգևորվել, և համոզված է՝ Աղվան Հովսեփյանը շուտով ազատության մեջ կլինի։

«Ես վստահ եմ, որ Աղվան Հովսեփյանի մոտ բազմաթիվ հիվանդություններ կհայտնաբերվեն և նա բնականաբար կգտնվի ազատության մեջ, ինչպես նաև մնացածները։ Նաև նա պետք է մենակ չլինի, այստեղ առնվազն 100 հոգի պետք է Աղվան Հովսեփյանի հետ ձերբակալված լինի։ Բավականին լուրջ դատական գործեր, բավականին լուրջ քրեական գործեր պետք է վերանայվեն»,- ասաց Պողոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե Աղվան Հովսեփյանը մնա անազատության մեջ, ապա կոռուպցիոն գործով Հովսեփյանի հետ կապ ունեցող մոտ 200 մարդ ևս պետք է լինեն ճաղերի հետևում, ինչը անհնար է։

Մամուլում տեղեկություններ կային, որ Հովսեփյանի դեմ ցուցմունք են տվել նրա մտերիմ ընկերներից գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը, ով Հովսեփյանի մրցակիցն է եղել նաև։ Հարցին, թե որքանով կարող են անկողմականալ լինել նրա ցուցմունքները, Պողոսյանը պատասխանեց. «Ես Յուրա Ղարիբյան չեմ ճանաչում, ինձ որևէ մեկի կարծիքը այս պահին չի հետաքրքրում։ Այստեղ հարցը ցուցմունքի մեջ չէ, ընդհանրապես այդ պրակտիկայից պետք է վերանալ՝ Սիլվա Համբարձումյանը Քոչարյանի դեմ, չգիտեմ ով՝ Աղվան Հովսեփյանի դեմ…Ակնհայտ որպես ապացույց հանդիսանում են այս մարդկանց ապրելակերպը, այս մարդկանց ծախսելակերպը, այս մարդկանց քրեական գործեր կարելակերպը։ Ինչի ինչ-որ մեկը պետք է ցուցմունք տա՞։ Գիտեք՝ մի քիչ նվաստացուցիչ էլ է։ Հայաստանն այնքան փոքր է, այստեղ բոլորը գիտեն՝ ով ինչ է շնչում, ով ում հետ է քնում, ով ինչ է առավոտը նախաճաշին ուտում ու գիշերը որտեղ է իր հանգիստը անցկացնում, և ում ամառանոցներում են ոսկե ծորակներ։ Ինչ որ մի հատ Յուրա Ղարիբյան, կամ եսիմ ով պետք է ցուցմունք տա՞։ Այսինքն առանց ցուցմունքի մեր կոռուպցիայի դեմ պայքարը կույր է, մենք որևէ մեկս աչքեր չունենք, ականջներ չունենք»։

Իրավապաշտպանը նշում է, որ կոռուպցիան միայն կաշառքը չէ. կոռուպցիան պատվերով մարդակային ճակատագրեր խեղելն է։

«Աղվան Հովսեփյանը ինքնին կոռուպցիայի մարմնավորում է, և այստեղ գումարը չի կարևոր, որովհետև գումարը կարելի է հետ վերադարձնել, բռնագանձել, իսկ մարդկային խեղված ճակատագրերը հնարավոր չէ վերականգնել»,- նշում է իրավապաշտպանը։

Պողոսյանը հորդորեց իրավապահ համակարգին աչքերն ու ականջները բացել, և սկսեն շրջել Երևանի Մոնումենտի փողոցով, որովհետև այնտեղի տները, ինքնին  կոռուպցիայի ամենավառ անշարժ դրսևորումն են։

Մամուլում նաև տեղեկություններ են եղել, որ Հովսեփյանը համագործակցում է ներկայիս իշխանությունների հետ՝ դա կապելով այն հանգամանքի հետ, որ Հովսեփյանը աշխատանքային բազմամյա փորձ ունի, «խոշոր ձկների» կենսագրությունն ու գործունեությունը լավ գիտի, փորձում է օգտակար լինել, ինչ-ինչ բաներ հուշել եւ այլն։ Անդրադառնալով այս թեմային՝ Պողոսյանը նշեց, որ իր համար չկան նախկին և ներկա իշխանություններ, և Աղվան Հովսեփյանի հետևորդները իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են։

https://armdaily.am/?p=150316&l=am%2F&fbclid=IwAR22qXyRYZ4raWdNtjA2zX3yV0qIfIMBnhVy-BGt5NFYlqmd-_3nbq9yi8A

 29 Ընդհանուր դիտումներ,  2 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: