Ես պնդում եմ՝ ԲԴԽ նորընտիր նախագահը հանցագործություն է կատարել. Մարինա Պողոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի՝ Ռուբեն Վարդազարյանի ընտրության վերաբերյալ քննարկման ժամանակ «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ ավելի անհաջող ընտրություն չէր կարող լինել:

Իրավապաշտպանն ընդգծեց՝ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի կատարածների վերաբերյալ և ունի դրանք ապացուցող փաստաթղթերի մեծ տրցակ:

Երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իր անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ:

«Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները»,-մասնավորապես, նշված էր Վարդազարյանի հայտարարությունում:

Politik.am-ի հետ զրույցում Մարինա Պողոսյանը նշեց, որ  Ռուբեն Վարդազարյանի որևէ հայտարարություն իրեն չի հետաքրքրում: «Եթե մարդն ինձ վստահություն չի ներշնչում, ապա նրա ասածները ևս չեն կարող վստահություն ներշնչել»,-ասաց նա:

Ըստ Մարինա Պողոսյանի՝ եթե Վարդազարյանը զրպարտություն է տեսնում, կարող է դատարան դիմել.«Ռուբեն Վարդազարյանը, բացի ապօրինի որոշումներ կայացնելուց, ունի նաև գոնե այնքան բավարար գիտելիքներ, որ եթե կարծում է՝ ինչ-որ մեկն իրեն զրպարտում է, կարողանա դիմել դատարան, դատարանում էլ, ԲԴԽ նախագահ լինելով, բավականին լծակներ ունի, որպեսզի իրեն զրպարտող անձը պատասխանատվության ենթարկվի»:

«Վելես» ՀԿ-ի ղեկավարն ընդգծեց՝ իր ասածների տերն է ու հետևողական է լինելու: «Այո, ես պնդում եմ, որ Ռուբեն Վարդազարյանը հանցագործություն է կատարել, կա որոշում. միգուցե, պարզապես նրա ստորագրությունն է փաստաթղթի տակ, բայց դա կպարզի նախաքննությունը»,-ընդգծեց Պողոսյանը:

Իրավապաշտպանն ընդգծեց՝ զրպարտելու որևէ խնդիր չկա. «Ասածներս ապացուցող փաստաթղթերն ինձ մոտ առկա են, և ես պատրաստ էի և եմ հանրային քննարկման, որպեսզի, եթե ինքը կարծում է, որ զրպարտություն է, հանրային կերպով ապացուցի դա: Պատրաստ եմ նաև այդ փաստաթղթերը հանրայնորեն իրեն տրամադրել և ստանալ հանրային պատասխան: Քրեական պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ չէ: Ես՝ ի տարբերություն իրեն, համարձակություն ունեմ հստակորեն տալ իր անունը: Եթե կարողանում է, թող ինքն էլ նշի իմ անունը և ասի, որ իմ ունեցած փաստաթղթերն իրեն զրպարտող են»:

Մարինա Պողոսյանը մեզ տեղեկացրեց նաև, որ առջիկա օրերի ընթացքում հանցագործության մասին հաղորդում կներկայացնի՝ իր ունեցած փաստաթղթերի հիման վրա:

© Politik.am

 216 Ընդհանուր դիտումներ,  3 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: