Դիմակների բիզնեսը կոկաինի բիզնեսից եկամտաբեր է. տպավորություն է, որ անցել ենք պատժամիջոցների. Մարինա Պողոսյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքները բարձրացնելու մասին

Դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացումը ինձ համար բարցարձակապես անընդունելի է։

Ես տարիներ ի վեր պայքարել եմ ցանկացած նման բարձրացումների ու կեղեքումների դեմ՝ կլինի կարմիր գծեր, տրանսպորտի թանկացում, այսօր էլ ես կարծում եմ՝ նման տուգանքների սահմանումը հակաազգային, հակապետական մոտեցում է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով բաց տարածքներում դիմակ չկրելու համար 20 հազար դրամ, փակ տարածքներում, 50 հազար դրամ տուգանք սահմանելու նախագծին։

«Մարդկանց մի ստվար բազմություն չունի գումար անգամ մեկ հատ դիմակ գնելու և կրելու։ Դիմակների բիզնեսը կոկաինի բիզնեսից եկամտարբեր է դարձել, որովհետև դիմակների ինքնարժեքը կարող է տատանվել 15-30 դրամի սահմաններում, ոչ ավելի։ Ինչ վերաբերում է տուգանքներին՝ ես կարծում եմ, որ դա անմարդկային վերաբերմունք է։ Վերջերս մի գրառում տեսա, երբ մարդը մենակ գիշերով դուրս էր եկել վազելու, մարզվելու՝ նրան տուգանել էին, այս հայկական էնստրեմիզմին պետք է վերջ տալ։ Այսինքն, ամեն ինչ պետք է լինի բանականության սահմաններում։ Եթե փակ տարածքում մարդը պետք է դիմակ կրի՝ դա միգուցե կարող է ինչ-որ բաներից փրկել, բայց եթե փրկեր՝ այս իրավիճակում չէինք լինի։ Մենք այսօր թերևս ամենահետամնաց երկրների շարքում ենք՝ մեր վարակվածների թվով։ Սա գալիս է նրանց, որ մարդիկ դիմակները կրում են, ոչ թե չվարակվելու համար, այլ չտուգանվելու։ Դեպքեր կան, որ մարդիկ հնարավորություն չունեն, մեկ դիմակ են գնել ու ազգովի իրար են փոխանցում։ Այսինքն, ի սկզբանե պետք է դիմակը տրամադրեն՝ հետո, եթե չկրեն՝ միգուցե նոր պատժամիջոց կիրառեն, քանի որ քաղաքացին միայն պարտականություն չունի, պետությունն էլ ունի պոզիտիվ պարտականություն քաղաքացու նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը։

Նա ընդգծեց, որ այս պարագայում, երբ երկրում բազմաթիվ օրավարձով աշխատող քաղաքացիներ կան, որոնք այսօր մնացել են բացարձակապես աղքատության շեմին՝ մատնահարդարներ, վարսահարդարներ, բանվորներ, մատուցողներ, հիմա այս մարդկանց կեղեքելով բյուջե լցնելը հակապետական, հակամարդկային, հակաազգային քայլ է։

«Սա վերաբերում է, ոչ միայն այս նախագծին, այլև գույքահարկին ու մնացած նմանատիպ տուգանքներին ու հարկատեսակներին։ Ստացվում է, որ մենք փոխանակ տնտեսություն զարգացնենք՝ դրա հաշվին պետբյուջե լցնենք, բյուջեն լցնում ենք հարկերի ու տուգանքների հաշվին։ Սա ինձ համար անընդունելի է»։

Անդրադառնալով իշխանափոխության առաջին ամիսներին հնչող կարգախոսներին, թե քաղաքացին տուգանվելու համար չէ, Պողոսյանն ընդգծեց, որ ցանկացած ընտրության ժամանակ հնչում են լոզունգներ, որոնք ականջահաճո են։

«Ուզում եմ շեշտել, որ առաջին անգամ էր, որ ազգովի ընտրել ենք մեր իշխանությունը և սա հարկադրված ու պարտադրված չի եղել։ Ես չեմ փոշմանել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարել ենք և ուզել ենք, որ այդ ռեժիմը գնա, բայց ես չեմ ուզում, որ այս իշխանությունը նմանվի այլ իշխանությունների, այսինքն, ասել լոզունգներ և չանել՝ կարծում եմ, ճիշտ չէ, ժողովրդին չի կարելի երկար և անընդհատ մանիպուլացնել, սա հանգեցնելու է ժողովրդի դժգոհությանը։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, թող փորձեն հասկանալ, թե արդյոք որևէ մեկը կո՞ղմ է այս քաղաքականությանը։ Դրսում ապրող մարդիկ են ասում, որ իրենց մոտ գույքահարկն այսքան է, տուգանքներն՝ այնքան, բայց գույքահարկը պետք է համեմատական լինի եկամուտներին, եթե եկամուտը զրո է՝ չի կարող հարկը լինել 20 կամ 50 հազար դրամ։ Ինձ համար անընդունելի է դրսում մենակ դիմակ կրելու քաղաքականությունը։ Եթե մեքենայի մեջ մարդը մենակ է՝ ու՞մից է պաշտպանվում։ Դիմակ կրելը մաքուր օդին՝ մենակ զբոսնելիս բացարձակապես մարդու իրավունքնրի խախտում է։ Ես մաքուր օդում, սպորտով զբաղվելու սովորություն ունեմ և ինձ համար դա անթույլատրելի է, այնպես՝ ինչպես անհասկանալի է, որ մարզական ակումբում կարելի է պարապել, բայց լոգանք ընդունել չի կարելի, ինձ մոտ տպավորութուն է, որ մենք անցել ենք պատժամիջոցների։ Դա երկար չի կարող տևել»,-ասաց իրավապաշտպան։

© Armdaily.am

 200 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: