Դատարանը Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրը քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանն այսպիսով բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան  կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել  ապրիլի 13-ին: ԴԱՀԿ նախկին պետը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին ՀՔԾ-ն այսօր է տեղեկացրել: Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով: Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ: ՀՔԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով: © Armtimes.com

 468 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: