Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ որոշ դատարաններում չեն գործում դատավորների ավտոմատ մակագրման ծրագրերը և ի՞նչ փաստով է հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Ջհանգիրյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ և հավելեց, որ ավտոմատ մակագրման ծրագրի գործարկումը որոշ դատարաններում դադարեցվել է, քանի որ արտաքին միջամտության փաստով քրեական գործ է հարուցվել:
«Քրեական գործի հարուցումը մեզ դրեց բավականին արտառոց վիճակի մեջ, քանի որ հուլիսի 21-ին, գործի նախաքննության հսկող դատախազից ստացանք իրազեկում՝ Սահմանադրական օրենքի «ՀՀ դատական օրենսգրքի» 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Նման իրազեկումներ ստացել են նաև այն դատարանների նախագահները, որոնցում կատարված քննչական գործողությունների արդյունքում այդ համակարգը դադարեց գործել: Այդ ընթացքում մենք ստացանք նաև այդ բոլոր դատարանների նախագահների զեկուցագրերը, որ խափանվել է ավտոմատ մակագրման ծրագիրը: Մեր օրենսգիրքը 41-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նման պարագայում պարտավորեցնում են դատավորին այդ մակագրումները կատարել ձեռքով, մինչև խնդրի կարգավորումը»,- ասաց Ջհանգիրյանը և հավելեց, որ համակարգը չի աշխատում Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության և վարչական առաջին ատյանի, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի դատարաններում: