Դատախազությունը 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝
• 11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,
• մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,
• 156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։