Դավթաշեն համայնքի ավագանու որոշմամբ 2008թ. հուլիսի 24-ին 6 մլն 12 հազար դրամով Հանրապետական կուսակցությանն է վաճառվել համայնքին պատկանող Դավթաշենի 2-րդ թաղամասի 1-ին շենքի 53 տարածքը, որը կազմում է 133.6 քմ:
Ըստ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տրամադրած տեղեկատվության՝ վաճառքից օրեր առաջ՝ հուլիսի 16-ին շենքի կադաստրային արժեքը գնահատվել է մոտ 9 մլն 421 հազար դրամ: Ստացվում է, որ շենքը ՀՀԿ-ին է վաճառվել կադաստրային արժեքից մոտ 3.5 մլն դրամով պակաս:
Ուշագրավն այն է, որ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ տարածքը կրկին գնահատվել է մոտ 9 մլն 421 հազար դրամ:
2018թ. ԱԺ արտահերթ ընտրություների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած Հանրապետական կուսակցության հայտարարագրում այդ տարածքը հայտարարագրված է որպես կուսակցությանը միանձնյա սեփականության իրավունքով պատկանող շենք: Հայտարարագրված է նաև նույն հասցեում հողամաս, որը բաժնային սեփականություն է՝ 0.057887 հա:
Այդ ժամանակ Դավթաշեն համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանն էր: Վերջինս 2008թ. մայիսի 18-ին ընտրվել էր Դավթաշեն համայնքի ղեկավար, իսկ 2009-2012թթ. եղել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը:
Սա Դավթաշեն համայնքին պատկանող միակ գույքը չէ, որ էժան գներով օտարվել է: Ըստ վարչական շրջանի ղեկավարի մեզ տրամադրած տեղեկատվության՝ 2016թ. փետրվարի 29-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աճուրդում Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի հարևանությամբ այգու մեջ գտնվող 2900 քմ հողատարածքը շուկայական գնից անհամեմատ ցածր՝ 27 մլն 405 հազար դրամով վաճառվել է Դավթաշենի նախկին ղեկավար, այդ ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանին: Աճուրդում նշված գույքի մեկնարկային գինը եղել է 26 մլն 100 հազար դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նշված տարում Արթուր Գևորգյանը գնել է հողամաս 28 մլն դրամ արժեքով:
Բացի նշվածը, Երևանի քաղաքապետի 2012թ. հունիսի 8-ի որոշմամբ Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող այգու տարածքում (Փիրումյանների փողոցի հարևանությամբ) ինքնակամ կառուցված 67.04 քմ սրճարանը և 646,8 քմ սպասարկող գոտին օրինականացվել է և գույքի նկատմամբ գրանցվել է Երևան համայնքի սեփականությունը: Սակայն, 2013թ. ապրիլի 5-ին ուղիղ վաճառքով՝ մոտ 4 մլն 495 հազար դրամով, օտարվել է Վաչագան Մանուկյանին: Այդ գումարից մոտ 1 մլն 568 հազար դրամը սրճարանի կառույցի, իսկ 2 մլն 926 հազար դրամը՝ հողի արժեքն է:
Նշենք, որ Վաչագան Մանուկյանը 2013թ. Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել էր Երևանի ավագանու անդամ: Նա «Յագոտրանս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն էր: Ընկերությունն էր սպասարկում Երևանի ներքաղաքային թիվ 74 միկրոավտոբուսային երթուղին:
Դավթաշեն վարչական շրջանի գույքի մի մասն էլ օտարվել է «Երևանի օպտիկաֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ՓԲԸ-ին:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ Կառավարության 1997թ. որոշմամբ Դավթաշեն թաղապետարանի վարչական շենքը՝ 4417.6 քմ, հանձնվել է Դավթաշեն համայնքին որպես սեփականություն: Ներկայումս այդ տարածքի մի մասն է մնացել համայնքային: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից օգտագործվում է 1482.4 քմ-ը, իսկ 331.3 քմ տարածք անհատույց օգտագործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ կառավարչական հիմնարկը:
Ստացվում է՝ 4417.6 քմ-ից համայնքային և պետական կառույցների կողմից օգտագործվում է 1813.7 քմ-ը: Վարչական շենքի մնացած մասը 1998-2008թթ. օտարվել է քաղաքացիների, որոնց վերաբերյալ տեղեկություններ վարչական շրջանը չունի: Հայտնի է, որ օտարված տարածքից մի հատված օգտագործվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի կողմից: Նշենք, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը Արթուր Գևորգյանն է:
Ինչպես փոխանցում է վարչական շրջանի ղեկավար պարոն Մ. Թումասյանը՝ սա օտարված գույքի ամբողջական ցանկը չէ:
Երեկ էլ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին:
© Hetq.am