«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը դիմում է ներկայացրել
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի
Դիմումում նշված է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը անտեսել է օրենքի պահանջը՝ անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու բողոքը անհապաղ քննելու վերաբերյալ։ Դատավորը Վահագն Աբգարյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե իբր ստացել է ոչ թե անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոք, այլ միջնորդություն, թեև Աբգարյանի պաշտպաններն իրականում բողոք են ներկայացրած եղել, որը պետք է քննության առնվեր առանձին կարգով։
Իրավապաշտպանի դիմումում նշված է, որ դատավորի գործողությունների արդյունքում խախտվել են ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը:
Իրավապաշտպանը նաև գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով ներկայացրած փաստաբանների բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի պահանջներին և կոպիտ կերպով ոտնահարում է Վահագն Աբգարյանի անազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:
«Սույն որոշումը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից կարող էր կայացվել կամ վերջինիս իրավական անձեռնհասության պատճառով, կամ մի ակնհայտ միտումով, այն է՝ լեգալացնել ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության և Վանաձոր ՔԿՀ-ի կողմից կատարված ապօրինությունները և պարտակել վերջիններիս հակաօրինական, կամայական, կլանային շահերի սպասարկմանն ուղղված հակաօրինական արարքները»,- նշված է Արդարադատության նախարարին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ուղղված դիմումում:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, սակայն, ըստ Մարինա Պողոսյանի, այսքանով չեն սահմանափակվում։ «Դատավոր Սուսաննա Գզոգյանը օգոստոսի 11-ին կայացրել է Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ իր աբսուրդայնությամբ դեռևս չգերազանցված որոշում՝ առողջական խնդիրներ ունեցող կալանավորին դատական նիստի բերման ենթարկելու վերաբերյալ՝ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, նրա մոտ կասկածվում էր կորոնա վիրուս, որի համար նաև թեստավորվել էր»,- նշել է Մարինա Պողոսյանն իր դիմումում:
Իրավապաշտպանի խոսքով՝ դատավոր Գզոգյանը նաև աննախադեպ որոշում է կայացրել, երբ դատական նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալի և պաշտպանական կողմի բացակայությամբ, առանց վերջիններիս դիրքորոշումը պարզելու, գործում ներգրավել է մեկ այլ մեղադրող դատախազի:
«Սուսաննա Գզոգյանը վատնել է պետական միջոցները, նա 821 օր գործը քնեցնելուց հետո ինքնաբացարկի որոշում է կայացրել։ Այդպիսի մարդիկ չպետք է լինեն մեր դատական համակարգում։ Եթե պետությունն ի վիճակի չէ վեթինգ իրականացնել, ապա դա կանենք մենք»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում հայտարարեց «Վելես» ՀԿ-ի նախագահը՝ նշելով, որ ժողովրդական վեթինգի գործընթացը շուտով կմեկնարկի։
Հիշեցնենք, որ դատավոր Սուսաննա Գզոգյանը իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարինա Պողոսյանի, փաստաբաններ Արթուր Գրիգորյանի և Արմեն Սողոմոնյանի դեմ՝ մամուլի ասուլիսում իր հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։ Հենց այս հաղորդումն է դատավորը ինքնաբացարկի որոշում կայացնելու հիմք դարձրել։