Օրեր առաջ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ պաշտոնյաներից երկուսը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, խոսքը ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ տեսուչ Վաղարշակ Լալայանի մասին է, իսկ տեղակալ Սամսոն Առաքելյանը դեռ դիրքորոշում չի հայտնել։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից)։ Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը մի ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Է. Մ-ն է: Հիմնական «օպերացիան» տեղի է ունեցել տեղակալ Սամսոն Առաքելյանի աշխատասենյակում՝ կաշառքը ստանալու պահին նա վնասազերծվել է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնալսվել է Սամսոն Առաքելյանը, եւ մյուսների առնչությունը գործին նախաքննական մարմինը հիմնավորում է հենց այս գաղտնալսմամբ։ Ի տարբերություն Էլոյանի, սույն գործով կալանավորված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը որեւէ դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Այս մասին ասաց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը գաղտնալսվել է եւ մնացածի առնչությունը գործի հետ եղել է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ արված գաղտնալսումները, որով նախաքննության մարմինը գտնում է, որ այդ ձայնագրություններով հիմնավորվում է նաեւ, որ այսինչն ու այսինչն էլ կապ ունեն։ «Խոսակցություն կա պետի մասին, նրանք էլ ասում են, որ պետի մասին խոսել են, ուրեմն պետն էլ ա մեջը»,- շարունակեց նա։
Վերջինս իր պաշտպանյալին կալանավորելու՝ դատարանի որոշումը գնահատում է ոչ ճիշտ՝ պատճառաբանելով, որ նյութերը, որոնք ներկայացված են եղել դատարան՝ թերի էին։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելուց առաջ պետք է ստանան դատարանի թույլտվություն, իրենք ասում են, որ այդ թույլտվությունը ստացել են, բայց դատարանում միջնորդության քննարկման ընթացքում այդ որոշումը չկար, դրա համար ես հարց բարձրացրի՝ դատարանը ինչո՞վ է համոզված, որ այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների օրինականությունը ստուգված է։ Դատարանը, սակայն, անտեսեց ու միջնորդությունը բավարարեց՝ առանց օրինականությունը ստուգելու»,- մանրամասնեց Աշոտ Սարգսյանը։ Ապա պաշտպանը բնութագրեց Առաքելյանին որպես արժանավոր, շատ լավ մարդ, նշելով, որ նա բավականին շատ օգուտ է բերել իր գործունեության ընթացքում։ «Բավական զգույշ է, ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե ոնց է գնացել այդ քայլին։ Շատ առաջ չընկնեմ, բայց ես համոզված եմ, որ հայտարարություն տված անձը գնացել է սադրանքի, որովհետեւ Սամսոնը իր մոտ լուրջ բաներ էր նկատել, որ պետք է հետագայում իրականացներ»,- ասաց մեր զրուցակիցը:
© «Հայկական ժամանակ»