Ուրբաթ, 15 Նոյեմբերի, 2024
-1.9 C
Yerevan

ԲԴԽ անդամների դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. ուշագրավ հետազոտություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կազմի, դրա ձևավորման ու գործառույթների ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ:

Կազմակերպության՝ Factor.am-ին փոխանցված տեղեկանքում, ի թիվս այլ գործոնների, ներկայացվել են նաև «ԲԴԽ-ի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումները, ԲԴԽ կողմից կայացված որոշումների օրինականությունը»: Կազմակերպությունից Factor.am-ին հայտնում են, որ հրապարակվող տեղեկատվությունը ստացվել է մամուլից հավաքագրված տեղեկությունների հիման վրա։

Գագիկ Հարությունյան – Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (5 տարի ժամկետով)

Մամուլից հավաքագրված տեղեկություններ պաշտոնատար այլ անձանց հետ ազգակցական կապերի վերաբերյալ

Մամուլի կողմից բազմաթիվ անդրադարձներ են եղել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգակցական կապերին, նրանց զբաղեցրած պաշտոններին և ունեցվածքին: Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Արզուման Հարությունյանը 2018 թվականի հուլիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով վերանշանակվել է այդ պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով: Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, 2014 թվականին զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի կնոջ եղբորորդի Հայկ Խաչատրյանը ամուսնացած է Սերժ Սարգսյանի կրտսեր դստեր հետ: Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, 2012 թվականին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ, նա զբաղեցրել է նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը, զբաղեցրել է թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի պաշտոնը, ինչպես նաև «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատել է որպես բաժանմունքի վարիչ: Արմինե Հարությունյանի ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, 2013 թվականին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը: Նախկինում նա զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանը, զբաղեցրել է ԵՊՀ-ի Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալի, բաժնի վարիչի, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր` բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը,  հանդիսանում է Գագիկ Հարությունյանի հարսը:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ ունեցվածքի վերաբերյալ

Գագիկ Հարությունյանը 2016 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում չի ներառել Մոնուﬔնտում` «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում գտնվող իր սեփականություն հանդիսացող շքեղ առանձնատունը: Ըստ մամուլի կողմից հիշատակված տեղեկության՝ առանձնատունը վարձակալությամբ տրվել է ՀՀ-ում գործող Ճապոնիայի դեսպանատանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կայքում հրապարակվել է «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի պահպանության լրամշակված աշխատանքային նախագիծը։ Ներկայացված տեղեկության համաձայն` Էդուարդ Գագիկի Հարությունյանը, ում պատկանում է այս ընկերությունը՝ Գագիկ Հարությունյանի որդին է: Նախագծի հրապարակումից հետո Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, պնդելով, որ նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման տարածքը գտնվում է Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի տարածքում՝ ինչը նշանակում է, որ դրա կառուցումն անթույլատրելի է։ Գագիկ Հարությունյանի եղբորորդին՝ Հայկ Հարությունյանը, որը նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նա եղել  է ամենահարուստ փոխնախարարներից մեկը: 2014 թվականին լրատվական կայքերից մեկի կողմից արված հետաքննություններից հետո, խմբագրություն են դիմել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք և դժգոհել հայկական արտադրության «Օլանզապին» դեղորայքի որակից: Պարզվել է, որ դեղորայքը արտադրվել է «Արփիմեդ» ՍՊԸ-ի կողմից, որի համասեփականատեր է հանդիսացել Գագիկ Հարությունյանի որդի Արտակ Հարությունյանը:

Այլ տեղեկություններ

Լրատվամիջոցներից մեկի հրապարակած նյութի համաձայն` Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, զբաղվել է 2008 թվականի մարտի 1-ին դիպուկահարների տեղակայման հարցերով։

Գևորգ Դանիելյան ԲԴԽ Խորհրդի անդամ (5 տարի ժամկետով) 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ 2008թ. մարտի 1-ի գործով հարցաքննվելու վերաբերյալ

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ 2018 թվականին մարտի 1-ի գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության են հրավիրել նաև ԲԴԽ խորհրդի անդամ, արդարադատության նախկին նախարար (պաշտոնը զբաղեցրել է 2007 – 2010 թվականներին) Գևորգ Դանիելյանին:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ պաշտոնից հրաժարական ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության նախկին նախարարի հրաժարականի պատճառ է հանդիսացել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարությունը չկատարելը: Մասնավորապես` Սերժ Սարգսյանը հանձնարարել է Գևորգ Դանիելյանին խիստ նկատողություն սահմանել նախկին դատական ակտերի հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ,  ինչը  նրա կողմից չի կատարվել:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ կուսակցական պատկանելիության վերաբերյալ Ուշագրավ է նաև, որ Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջում հասանելի տեղեկատվության համաձայն՝ Գևորգ Դանիելյանը 2007 թվականի նոյեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 2008 թվականին եղել է նույն կուսակցության խորհրդի անդամ։

Լիպարիտ Մելիքջանյան ԲԴԽ խորհրդի անդամ (5 տարի ժամկետով) 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ կուսակցական պատկանելության վերաբերյալ

Լիպարիտ Մելիքջանյանը 2017 թվականին «Ելք» դաշինքի նախընտրական ցանկով մասնակցել է ԱԺ խորհրդարանական ընտրություններին: Խորհրդի անդամը այս կապակցությամբ նշել է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվել է ընդամենը մեկ ամիս, որևէ կուսակցության անդամ չի հանդիսացել, պարզապես ԱԺ ընտրությունների ժամանակ իր անունը ներառվել է «Ելք» դաշինքի ընտրությունների ցուցակում և ընտրության ժամանակ առաջադրել է իր թեկնածությունը Իջևանում որպես ռեյտինգային թեկնածու։

Հայկ Հովհաննիսյան ԲԴԽ խորհրդի անդամ 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ

2013 թվականից ի վեր Հայկ Հովհաննիսյանը հանդիսանում է Հովհաննիսյան և գործընկերներ փաստաբանական ընկերության գործընկեր: Հայկ Հովհաննիսյանը 2018 թվականին` Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելուց հետո, ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի տեղեկատվության, շարունակել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը հակասում է ՀՀ-ում գործող օրենսդրությանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Երվանդ Վարոսյանի՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստական տվյալները, հատուցել պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը։ Իսկ որպես փոխհատուցում Հայկ Հովհաննիսյանը պահանջել է 2 մլն դրամ։

Մամուլից հավաքագրված տեղեկություններ․ միջամտություն Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվող որոշման վրա

Ուշագրավ է Բարձրագույն դատական խորհրդի դեմ դատարան հայց ներկայացրած Սերգեյ Սուքոյանի հայտարարությունը: Քաղաքացիական գործեր քննող դատավորի կարծիքով՝ հենց Հայկ Հովհաննիսյանն է ազդեցություն ունեցել ԲԴԽ-ի մյուս անդամների վրա, որպեսզի Սնանկության դատարանի դատավորի պաշտոնում իր թեկնածությունը չառաջարկեն: ՀՀ վարչական դատարանում հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացրած դատավոր Ալեքսեյ Սուքոյանը միջնորդել է գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել Հայկ Հովհաննիսյանին: Դատավորի գնահատմամբ՝ Հայկ Հովհաննիսյանն իր վարքագծով ԲԴԽ մյուս անդամների, հատկապես գիտնականների մոտ իր և դատավոր Կարինե Պետրոսյանի վերաբերյալ թյուր կարծիք է ձևավորել։

Սերգեյ Մեղրյան ԲԴԽ խորհրդի անդամ  (3 տարի ժամկետով) 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ․ միջամտություն դատարանի կողմից ընդունվող որոշման վրա

Սերգեյ Մեղրյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերգեյ Մեղրյանի անվան հետ է կապվել 2018 թվականին լուրերով տարածված տեղեկությունը այն մասին, որ վերջինս փորձել է որոշակի դատական գործերով ազդել գործով ելքի վրա՝ հաշվի առնելով ունեցած կապերն ու շահագրգռվածությունը:

Այլ տեղեկություններ

Սերգեյ Մեղրյանը ուսանողների շրջանում ստացել է «Քիլլեր» մականունը, ԱԺ-ում նրա ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ քվեարկության նախօրեին ԵՊՀ ուսանողները նամակներ են ուղարկել ԱԺ ընդդիմադիրներին՝ ներկայացնելով նրա գործունեությունը։

Հղումներ՝ Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուն ի շահ զոքանչ բժշկի փորձել է ազդել քննության վրա,

Արմեն Բեկթաշյան  ԲԴԽ խորհրդի անդամ (5 տարի ժամկետով), դատավոր անդամ 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ եկամուտների վերաբերյալ

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանի և նրա կնոջ կողմից 2014 թվականին ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նրանք ստացել են նվիրատվություններ գումարի տեսքով: Նվիրատվությունների ստացման աղբյուրները բացակայել են հայտարարագրերից: Հայտարարագրում նշված այլ տեղեկությունների համաձայն` դատավոր Բեկթաշյանի և նրա կնոջ հիմնական եկամուտները գոյացել են աշխատավարձից:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ դատական գործերի վերաբերյալ

Հանրության մեջ դատավոր Բեկթաշյանը առավել հայտնի է դատական նիստերի ընթացքում կողմ հանդիսացող անձանց նկատմամբ անվայելուչ կեցվածքով: Մասնավորապես` դատավոր Բեկթաշյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբավորման գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի նկատմամբ: Շիրխանյանի փաստաբանները դիմել են Արդարադատության խորհուրդ, ինչպես նաև արդարադատության նախարարություն` դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցով: Դատական մեկ այլ գործով` դատավոր Բեկթաշյանը կողմ հանդիսացող գործարարի հասցեին թույլ է տվել վիրավորական արտահայտություններ և դատարանի դահլիճից հարկադրաբար դուրս հրավիրել նրան: Սույն, գործով գործարարի ներկայացուցիչը սպառելով ներպետական ատյանները դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Մեկ այլ գործով ներկայացուցիչը դիմել է Արդարադատության խորհուրդ դատավորի վարքագծի կանոնների պարբերաբար և կոպիտ խախտման հիմքով (մասնավորապես` գործի քննությունն իրականացնելու ողջամիտ ժամկետների խախտման) դատավոր Բեկթաշյանին կարգապահական պատասխանատվության։ 

Անի Մխիթարյան (5 տարի ժամկետով), դատավոր անդամ 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ եկամուտների վերաբերյալ

Դատավոր Անի Մխիթարյանը 2016 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում 28 մլն 800 հազար դրամ, 77 հազար դոլար դրամական միջոց է ներկայացրել: Դա այն դեպքում, երբ դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 8 մլն 807 հազար դրամ:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ դատական գործերի վերաբերյալ

2016 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից Անի Մխիթարյանը ճանաչվել է տարվա լավագույն դատավոր: Սակայն, դատական գործերից մեկի հետ կապված կողմի ներկայացուցիչները 2017 թվականին դիմել են դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` Անի Մխիթարյանի նկատմամբ դատավարական նորմերի մասնավորապես` գործի քննությունն իրականացնելու ողջամիտ ժամկետների խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նպատակով՝ վերջինիս կարգապահական տույժի ենթարկելու պահանջով: Դատական մեկ այլ գործով (հայցվոր է հանդիսացել Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը) դատավոր Մխիթարյանը որոշում կայացնելիս անտեսել է հայցադիմումով ներկայացված հայցվորի անձնագրի պատճենը հայցադիմումին կցված չլինելու փաստը: Պատասխանող կողմի միջնորդությամբ հայցվորը ներկայացրել է անձնագրի պատճենը, որը ներկայացվել է ոչ թե հայցադիմումում նշված անձնագրային տվյալներով, այլ նոր անձնագրային տվյալներով, որտեղ նշված է եղել այլ անուն:

Սերգեյ Չիչոյան (5 տարի ժամկետով), դատավոր անդամ 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ եկամուտների վերաբերյալ

2017 թվականին ներկայացված հայտարարագրերի համաձայն՝ Խորհրդի անդամն ու կինը միասին 2016 թվականի հարկային տարում հայտարարագրել են 114.260 ԱՄՆ դոլար՝ որպես փոխառության գումար: Ներկայացված հայտարարագրերի համաձայն Ս. Չիչոյանը մեկ տարում վաճառել է երկու ավտոտնակ՝ 11 միլիոն 640 հազար և 282 հազար դրամ արժողությամբ: Իսկ խորհրդի անդամի կինը վաճառել է բնակարանը՝ 60 միլիոն 140 հազար դրամով: Կնոջ հայտարարագրի համաձայն՝ ամուսնու կողմից վաճառված ավտոտնակները նաև իր սեփականությունն են՝ ավտոտնակների վաճառքի մասին տվյալներ ներկայացվել են նաև իր հայտարարագրում:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ դատական գործերի վերաբերյալ

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սերգեյ Չիչոյանն այն երեք դատավորներից է, որոնք քննել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի բերած վերաքննիչ բողոքը, որը մերժվել է։ Վերջինս էլ մեղադրանքներ էր հնչեցրել Սերգեյ Չիչոյանի հասցեին՝ հիշեցնելով, որ Չիչոյանն իր կալանքի երկարաձգման հարցը քննելիս առանց իրեն ու իր պաշտպանի է նիստ անցկացրել:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ պաշտոնատար այլ անձանց հետ ազգակցական կապերի վերաբերյալ

Դատավոր Չիչոյանի եղբայրը՝ Արմեն Չիչոյանը, հանդիսանում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ:

Արմեն Խաչատրյան (3 տարի ժամկետով), դատավոր անդամ 

Մամուլից հավաքագրված տեղեկություններ եկամուտների վերաբերյալ

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն` դատավոր Արմեն Խաչատրյանը ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017 թվականին հայտարարագրել է նույնչափ եկամուտներ:

Մամուլից հավաքագրված տեղեկություններ դատական գործերի վերաբերյալ

Խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը 2008 թվականին բավարարել է հարկային մարմինների բողոքն ընդդեմ Գյումրիում գործող «Գալա» ընդդիմադիր հեռուստաընկերության, որը, ըստ հարկային մարմնի, 51 հազար եվրո հարկերից էր խուսափել: Արմեն Խաչատրյանի կայացրած վճռով «Գալա» հեռուստատեսությունը եթերազրկվել է: 2017 թվականին ՄԻԵԴ-ը վերացրել է Արմեն Խաչատրյանի վճիռը, 3900 եվրոյի փոխհատուցում սահմանելով «Գալա»-ի համար։

2018 թվականին դատավոր Խաչատրյանի անվան հետ է կապվել նաև դատավորի և դատական կարգադրիչների միջև ծագած վիճաբանությունը։ 

© Factor.am

Hot this week

Թեմաներ

Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, ոչ թե՝ հակառակը․ ՍԴ նախագահ

Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, Սահմանադրությունը չի կարող...

Կենտրոնի թաղապետարանում երեկ ձերբակալված երեք աշխատակիցներն ու մեկ քաղաքացին կալանավորվել ե

Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img