Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ շարունակվեց Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի գործի դատական քննությունը:
Խոսքը «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործի մասին է:
Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդցի Վահագն էր՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը:
Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:
Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:
Այս գործով ևս մեկ ամբաստանյալ կար՝ Ռաֆիկ Խ.-ն, ում մասն առանձնացվել ու առանձին էր քննվել նախաքննական մարմնի կողմից: Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Ռաֆիկ Խ.-ն 2017 թվականի ընթացքում նախնական համաձայնության էր եկել ու օժանդակել իր մտերիմներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին՝ վերջիններիս կողմից «վրեժի շարժառիթով» Ալավերդցի Վահագի ու նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մ.-ի, Արամ Խ.-ի, Դավիթ Բ.-ի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար:
Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, իր վարած մեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը դեպքի վայր տեղափոխելու, սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցերում օժանդակել էր սպանությունը կատարողներին:
Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:
Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գտնվել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում, իսկ այդ ընթացքում Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:
Վաղ առավոտից այդ ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում: Երբ Աբգարյանն ու ընկերները դուրս էին եկել հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից իջնելով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:
Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:
Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ էր գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին էր հայտնաբերվել: Նրա մասով դատական քննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն դատաքննություն այդպես էլ տեղի չունեցավ, քանի ուր Ռաֆիկ Խ.-ի առողջական վիճակը վատացավ, և նա մահացավ:
Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են ներկա գործով երկու մեղադրյալները՝ ծանրացուցիչ հանգամանքներում բուն դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձն իրականացնելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6, 7-րդ, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը: Գործով տուժողները, մասնավորապես՝ Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, այս գործով դատարան չեն ներկայանում, դատաքննությանը մասնակցում է նրանց ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը:
Ամբաստանյալ Արմեն Կարադավիդովը նախկինում հանդես է եկել նաև «Թամազյան» ու «Խառատյան» ազգանուններով: Կարադավիդովը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 7 ամիս ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին: Նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 12, 13 տարեկան:
Ամբաստանյալների միջև շահերի հակասություն չկա, նրանց շահերը պաշտպանում է մեկ պաշտպան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:
Սակայն դատական այս նիստի սկզբում տուժողների ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանի դեմ բացարկի միջնորդություն ունի, որը պետք է ներկայացնի անհապաղ, քանի որ դատախազին անվստահություն հայտնելու նոր հիմք է ի հայտ բերել:
Մ. Պողոսյանն ընդգծեց, որ Տ. Ենոքյանը չի կարող այս գործով «անաչառ, անկողմնակալ» մեղադրող լինել, քանի որ քրեական մի քանի գործերով դրսևորել է կողմնակալ վերաբերմունք: Մասնավորապես՝ այս՝ «մակերեսորեն քննված» գործը նրա կողմից դատարան ուղարկելը միտված է եղել սպանության ու սպանության փորձի իրական շարժառիթները կոծկելուն, դրանց իրական պատվիրատուներին չբացահայտելուն:
Մ. Պողոսյանը նշեց, որ իր ձեռքին է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի այն ժամանակվա տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանին հասցեագրված գրություն, թվագրված՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ով:
Մ. Պողոսյանը նշեց՝ վերոհիշյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ մի քանի քրեական գործ է քննվում ներկայումս, որոնցով տուժողների թվում է նաև իր վստահորդ Վահագն Աբգարյանը: Վերջինիս դեմ Վահագն Հարությունյանի կատարած գործողությունները, ըստ Մ. Պողոսյանի՝ «կարմիր գծով» անցնում են մի քանի քրեական գործերով: Մասնավորապես՝ Վահագն Հարությունյանը բռնություններ գործադրելով՝ վկաներից սուտ ցուցմունքներ է կորզել Վահագն Աբգարյանի դեմ, ում «մեղքն» այն էր միայն, որ իր վրա արձակված կրակոցներից հետո ողջ էր մնացել:
Մ. Պողոսյանը ներկայացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական գրությունը՝ ուղղված քննչական կոմիտեի նախագահի այն ժամանակվա տեղակալ Վահագն Հարությունյանին, կազմվել է դատախազ Տիգրան Ենոքյանի կողմից, փաստաթուղթը ստորագրել է դատախազության՝ ՀԿԳ քննության վարչության պետ Վ Մուրադյանը: Փաստաթղթի մեջ կան տեղեկություններ, որոնք անմիջականորեն վերաբերում են հենց Թուֆենկյանում հնչած կրակոցների, Վահագն Աբգարյանի նկատմամբ սպանության փորձի, նրա ուղեկցի սպանության գործին:
Հիշյալ փաստաթղթից Մ. Պողոսյանը մեջբերում կատարեց. «Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, Վ Աբգարյանի նկատմամբ Ա. Կարադավիդովի և Ա. Բլբուլյանի կողմից իրենց հանցավոր մտադրությունն իրագործելուն հնարավոր է՝ իր ներդրումն է ունեցել նաև «օրենքով գող» հանդիսացող, արտերկրում բնակվող, «Արման Կալուժսկի» մականվամբ Արման Ջ.-ն… Վահագն Աբգարյանի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Տարոն Ա.-ն հնարավոր է թշնամանք սերմանած լինի Վահագն Աբգարյանի նկատմամբ…»:
Մարինա Պողոսյանն ընդգծեց՝ Տիգրան Ենոքյանի կազմած պաշտոնական փաստաթղթի մեջ թվարկված են Վահագն Աբգարյանին սպանելու «ռեալ շարժառիթներն ու հնարավոր պատվիրատուները», թվարկված են Ալավերդիում 2009 թվականից ի վեր ծավալված իրադարձությունները՝ շղթայական սպանությունները:
Մ. Պողոսյանը տարակուսանք հայտնեց, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ կատարված ոտնձգությունների գործերով դատախազական հսկողություն իրականացրած, ներկա գործով որպես մեղադրող դատախազ հանդես եկող Տիգրան Ենոքյանը միաժամանակ նաև մեղադրող դատախազ է Լոռու մարզում քննվող՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով, որով Վահագն Աբգրայանին մեղադրանք է առաջադրված սպանության պատվիրատու լինելու, ապօրինի զենք ունենալու համար: Ստացվում է, որ ներկա գործով Տիգրան Ենոքյանը հանդես է գալիս տուժողների, այդ թվում՝ Վահագն Աբգարյանի շահերից, իսկ Լոռու մարզում քննվող գործով՝ նա մեղադրում է Վահագն Աբգարյանին՝ սպանության պատվիրատու լինելու համար:
Տիգրան Ենոքյանը, ըստ Մարինա Պողոսյանի, վերոհիշյալ պաշտոնական փաստաթղթում թվարկելով հանցավոր աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք կարող են լինել Վահագն Աբգարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի պատվիրատուն, այս գործով պաշտպանում է ոչ թե պատվերով սպանության, այլ՝ ինչ-որ հորինված, «պատրանքային» վրեժի շարժառիթով սպանության մեղադրանքը: Իբր՝ 10 տարի առաջ Վահագն Աբգարյանն ու նրա մտերիմները ծեծել էին Ալբերտ Բլբուլյանին, «ինչն էլ շարժառիթ է հանդիսացել Աբգարյանի նկատմամբ վրեժխնդիր լինելու համար»:
Դատախազության հիշյալ գրության համաձայն՝ Կարադավիդովը Ալավերդիում ավելի վաղ սպանվածներ Վահե Մանուչարյանի ու Կամո Փիրուզյանի քրոջ ամուսին Սպարտակի քրոջ որդին է…
Մարինա Պողոսյանը նշեց՝ Թուֆենկյանում հնչած կրակոցներից հետո կազմված փաստաթղթում թվարկելով Վահագն Աբգարյանի սպանության հնարավոր պատվիրատուներին, տրամաբանորեն շարադրելով՝ ոնց են եկել-հասել Թուֆենկյանի մոտի սպանությանն ու սպանության փորձին, պարզելով բարեկամական ու հանցավոր կապերը, որ եղել են սպանությունն իրականացնողների ու հնարավոր պատվիրատուների միջև՝ Տիգրան Ենոքյանը «կոծկել է» այդ տեղեկությունը կամ էլ անգործություն է դրսևորել, ու իրական պատվիրատուները մնացել են չբացահայտված:
Ըստ Մ. Պողոսյանի՝ Տիգրան Ենոքյանի բոլոր գործողությունները միտված են եղել «սպասարկելու հանցավոր խմբի շահերը»: Ստեղծվել է մի իրավիճակ, որ նույն այդ հանցավոր խումբը շարունակաբար փորձում է կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, բայց իրադրության բերումով դա դեռ չի հաջողվում: Ահա թե ինչու, ըստ Մ. Պողոսյանի, անհիմն մեղադրանք են առաջադրել Վահագն Աբգարյանին, որպեսզի մեկուսացնեն:
Մ. Պողոսյանը հնարավոր համարեց, որ տվյալ դատախազը դարձել է «հանցախմբի սպասավոր… Նրան վարձել են, որ էս գործերը հսկողության տակ պահի… »:
Մ. Պողոսյանը շեշտեց՝ այս դատախազը չի կարող մասնակցել ներկա գործի քննությանը, նա «սպասարկում է» քրեական աշխարհի ներկայացուցիչների ու Ալավերդու որոշ շրջանակների շահերը»: Դատախազի գործողություններն ուղղված են եղել իրական պատվիրատուներին «չբացահայտելուն»:
Տուժող Վահագն Աբգարյանը վստահություն չի կարող ունենալ այս դատախազի նկատմամբ, ում հայտնի են եղել սպանության իրական պատվիրատուները, բայց նա թաքցրել է դա… Թող ստուգեին, թող ժխտեին, որ հիշյալ անձինք կապ են ունեցել Թուֆենկյանում հնչած կրակոցների հետ:
Վահագն Աբգարյանի անվան հետ կապված քրեական գործերով լինելով հսկող դատախազ՝ Տ. Ենոքյանը, ըստ Մ. Պողոսյանի, չէր կարող չնկատել, որ մարդկանց ստիպել են սուտ ցուցմունքներ տալ: Դատախազի գործառույթն այս գործերով այն է եղել, որ Վահագն Աբգարյանին մեղադրեն ու դատեն միայն մի բանի համար՝ որ նա Թուֆենկյանում կրակոցներից չի մահացել, ու Տիգրան Ենոքյանի ձեռքով Աբգարյանին մեկուսացրել են…
«Մենք նման դատախազի հետ ճանապարհ չունենք անցնելու, նա որոշակի շրջանակների կամակատար է»,- ասաց Մ. Պողոսյանը: Նա շեշտեց՝ քանի դեռ չեն բացահայտվել Թուֆենկյանում, ավելի վաղ՝ Ախթալայի կամրջի վրա հնչած կրակոցների պատվիրատուները, Ալավերդիում կշարունակվի անթույլատրելի իրավիճակը՝ այնտեղ շարունակաբար մարդկանց են վերացնում : Բուն պատվիրատուների՛ն պետք է գտնել, ոչ թե միայն կատարողներին:
Չի կարող Վահագն Աբգարյանին անհիմն մեղադրող դատախազը մեկ այլ գործով հանդես գալ որպես սպանության փորձից տուժած Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնող դատախազ՝ «Ա ծեպեր յա Նատաշա» մոտեցումով …
Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը անհիմն համարեց Մարինա Պողոսյանի ներկայացրած միջնորդությունը և մեղադրանքները: Նշեց, որ Մ. Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթուղթը կազմելու վրա, այո, ինքն աշխատել է, բայց այդ փաստաթուղթը ներկա քրեական գործում էլ է առկա, այն «նոր ի հայտ եկած հանգամանք չէ»:
Քրեական գործի 5-րդ հատորում, իրոք, առկա էր հիշյալ փաստաթուղթը:
Դատախազ Տ. Ենոքյանը զարմացավ, որ հիշյալ փաստաթուղթը Մ. Պողոսյանին հանգեցրել է այն հետևություններին, որոնք նա ներկայացրեց դատարանում: Դատախազության հիշյալ փաստաթղթում ներկայացված են օպերատիվ-հետախուզական տեղեկություններ, դատախազությունն այդ տեղեկությունները «հասու է դարձրել» քննչական մարմնին: Այդ տեղեկությունները դեռևս ապացույց չեն: Այդ տեղեկություններում հիշատակված անձանց վերաբերյալ սպանություն պատվիրելու մեղադրանքներ չեն առաջադրվել, որովհետև ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն այդ անելու համար: Օպերատիվ տեղեկությունները ապացույցի վերածել հնարավոր չի եղել՝ ըստ քննչական մարմնի հետևությունների:
Մինչդեռ Կամո Փիրուզյանի սպանության գործով Վահագն Աբգարյանի՝ պատվիրատու լինելու վերաբերյալ, ըստ դատախազի, ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, և նրան մեղադրանք է առաջադրվել:
Դատախազն ընդգծեց՝ ինքը ոչ թե թաքցրել է հանցավոր աշխարհի շրջանակների անուններ, այլ հիշյալ փաստաթղթում դրանք բացահայտ թվարկել, ուղարկել է քննչական մարմնին: Եվ պետք է հաշվի առնել նաև, որ այս գործով կա հրազենները ձեռք բերելու վերաբերյալ անջատված մաս, որի քննությունը կասեցված է:
Դատախազ Տ. Ենոքյանը անհիմն համարեց Մ. Պողոսյանի պնդումը, թե ինքը կողմնակալ է, անաչառ չէ: Նա շեշտեց, որ ինքն է եղել մեղադրող դատախազը ավելի վաղ Ախթալայի կամրջի վրա Վահագն Աբգարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված համարեց մեղադրանքը, դատապարտեց կրակոցներ արձակած անձին, իսկ վերաքննիչ դատարանը արարքը վերաորակեց ու ազատ արձակեց նրան: Ինքն այդ գործով վճռաբեկ բողոքի կազմմանն է մասնակցել՝ վերաքննիչ դատարանի կատարած վերաորակումը համարելով անօրինական, Վճռաբեկ դատարանը այդ բողոքը վարույթ է ընդունել:
Տիգրան Ենոքյանը նշեց, որ տիկին Պողոսյանը «վառ ու հեքիաթային» ձևով մեղադրանքներ ներկայացրեց, իրեն անվանեց «հանցավոր խմբի սպասարկու». «Խնդրում եմ, նման արտահայտություններ չանեք»,- ասաց դատախազը:
«Տեղիք մի տվեք, չեմ անի»,- պատասխանեց Մ. Պողոսյանը:
Տիգրան Ենոքյանն ասաց՝ Մ. Պողոսյանի նշած բոլոր գործերով իրականացվել է բազմակողմանի, օբյեկտիվ քննություն. «Ես կատարում եմ իմ գործառույթները»,- ասաց դատախազը: Նա կոչ արեց հիմնավորել ներկայացված մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է Մ. Պողոսյանի միջնորդությանը, ապա դատախազը նշեց, որ միջնորդության հիմքում դրված փաստաթուղթը չի կարող դատախազին բացարկելու հիմք լինել:
Մարինա Պողոսյանն ի պատասխան նշեց, թե դատախազն աղավաղեց իր խոսքերը, բացի այդ՝ թող դատախազը իր խոսքերին «հեքիաթայնություն» չվերագրի: Մ. Պողոսյանն ասաց՝ շատ ուրախ եմ, որ հիշյալ փաստաթուղթը այս քրեական գործում առկա է, ուրեմն՝ վերաբերելի է այս գործին: «Ես չասի, որ սա ապացույց է, բայց արդյո՞ք էն անձինք, ում վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, հարցաքննվել են: Եթե չեն հարցաքննվել, ո՞նց պիտի հաստատվեր կամ ժխտվեր նրանց առնչությունը… Տիգրան Ենոքյանն իմացել է անունները և իմացել է, որ քննիչն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արել… Եթե քննիչը թերացել է, դա մի բան է, բայց դատախազ Ենոքյանը վերահսկել է, տեսել է, որ իր մատնանշած անձինք չեն հարցաքննվել… Դա կարող է կոչվել, ասենք՝ հանցավոր անգործություն… Արդյունքում վերցրել են գոյություն չունեցող մի կոնֆլիկտ ու դրել են Թուֆենկյանի տակը…»:
Մ. Պողոսյանը տարանջատեց՝ այն ժամանակ, երբ քննվում էր Ախթալայի կամրջին հնչած կրակոցների գործը, որով Վահագն Աբգարյանը դարձյալ տուժող էր, դատախազ Տիգրան Ենոքյանի մասնակցության որևէ խնդիր չի եղել: Բայց հիմա 2020 թվականն է: Տիգրան Ենոքյանը միաժամանակ մեղադրող է և՛ այս գործով, որով Վահագն Աբգարյանը տուժող է, և՛ Լոռու մարզում քննվող գործով, որով Վահագն Աբգարյանը ամբաստանյալ է: Դա անթույլատրելի է, դա բացառում է հնարավորությունը, որ Տիգրան Ենոքյանը այս գործով շարունակի պաշտպանել մեղադրանքը:
Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը կարճ խոսեց: Նա ասաց, որ ստեղծված իրավիճակում վտանգ է տեսնում: Դատախազը հիշատակված երկու գործերով մեղադրանք է պաշտպանում, առկա է շահերի հակասություն: Պաշտպանը հպանցիկ նշեց՝ առկա հակասությունը կարող է պատճառ դառնալ, որ դատարանի վերջնական դատական ակտը, որը, օրինակ, կարող է լինել իր պաշտպանյալների օգտին, բեկանվի, իսկ ինքը ափսոսում է իր աշխատանքը, զուր աշխատանք տանել չի ցանկանում, ահա թե ինչու՝ դատարանի ուշադրությունը հրավիրում է ստեղծված իրավիճակի վրա…
Դատարանը միջնորդության քննությունը չավարտեց՝ մեկ այլ՝ անհապաղ քննության ենթակա գործով զբաղված լինելու պատճառաբանությամբ:
Միջնորդության քննարկումը կշարունակվի, ու դատարանը լուծում կտա տուժողների ներկայացուցիչ Մ. Պողոսյանի միջնորդությանը հաջորդ նիստում՝ ապրիլի 9-ին:
© 1in.am