Անտոն Քոչինյանի 1955թ. կարգադրությամբ 2001 թվականին սեփականաշնորհվել է Երեւանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը։ Այն մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկն է: ԱՕԿՍ-ի շենքը պետական հուշարձան է: Եվ ահա այդ պետական հուշարձանը դեռևս 2001-ին սեփականաշնորհել են ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
1955թ. Անտոն Քոչինյանը եղել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետի նախագահը։ Եւ 1955թ. նրա կարգադրությունը 2001-ին պաշտոնյաները կարողացել են դնել ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հիմքում։ Մի զարմացեք. պաշտոնյաները փող աշխատելու համար տիրապետում են խարդախության բոլոր ձևերին։ Նման դեպքերում պետական տարբեր մարմիններ, գերատեսչություններ սկսում են «թղթեր» դասավորել: Դատարկ թղթապանակը կարճ ժամանակ հետո լցվում է տարատեսակ տեղեկանքներով: Եւ Ազգային արխիվի՝ ԱՕԿՍ-ի թղթապանակում հայտնվում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են հանրահայտ Ռոբերտ Նազարյանը (տե՛ս որոշումը) ու Երվանդ Զախարյանը (տե՛ս որոշումը), ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, զանազան ճարտարապետներ, փոխքաղաքապետեր, եւ գործը նրանց օգնությամբ գլուխ է բերվում: Վերեւներից ով ում համար է զանգել, ով ումից որքան գումար է վերցրել՝ դժվար է ասել: Եթե իրավապահները ցանկանան, իհարկե, կարող են պարզել ամեն ինչ, բայց ինչու՞ պիտի անեն:
ԱՕԿՍ-ի շենքը գտնվում է Երեւանի կենտրոնում` Աբովյան 3 հասցեում։ Շենքն ընգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ «Հուշարձանը, սակայն, պետական սեփականություն չէ, եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պահպանություն չի իրականացվում»,- հուշարձանի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ նշել է ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
Եթե պետական սեփականություն չէ, նշանակում է սեփականաշնորհվել է։ Իսկ ինչպե՞ս է այդ պատմական հուշարձանը սեփականաշնորհվել։
Պարզելու համար դիմել ենք Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին։ Ստացել ենք այսպիսի պատասխան․ «․․․Տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը երբևէ հաշվառված չի եղել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվեկշռում, ինչպես նաև ընդգրկված չի եղել պետական գույքի մասնավորեցման ծրագրերում, հետևաբար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում դրա օտարման կամ սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»:
Սրան հաջորդել է մեր նամակը՝ ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նամակը ուղարկվել է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի պատասխանը շատ ուշագրավ մանրամասներ է պարունակում։ Հենց այս գրությունից երևում է, թե քանի պետական մարմին է մասնակցել ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհումը գլուխ բերելու գործին։
Լեոնիդ Բրեժնևը և Անտոն ՔոչինյանըՄոգական փաստաթուղթը. ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը
Նախ՝ ներկայացնենք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանից մի հատված.
«…Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը: Վերջինիս սեփականության իրավունքը 18.04.2003 թվականին ստացել է իրավունքի պետական գրանցում:
Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի մյուս տարածքները, մասնավորապես, շենքի՝ դեպի Աբովյան փողոցին հարող, 1-ին և 2-րդ հարկերը, ինչպես նաև դեպի նախկին Լալայանց փողոցին հարող նկուղային և 1-ին և 2-րդ հարկերը, որպես 1056.19քմ մակերեսով մեկ ամբողջական միավոր, 03.07.2001 թվականին սեփականության իրավունքով գրանցվել են «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության անվամբ: Շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ դրանցով զբաղեցված 0.07945հա մակերեսով հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը, հաշվեկշռային արժեքի վերաբերյալ հասարակական կազմակերպության 22.06.2001թ. №Ա-97 տեղեկանքը, հողհատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 07.05.2001թ. №456 որոշումը և այդ որոշման հիման վրա 01.06.2001 թվականին կնքված հողօգտագործման պայմանագիրը: Հետագայում՝ 23.02.2007 թվականին կնքված պայմանագրով հասարակական կազմակերպությունը նշված գույքից դեպի նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատվածը օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը, որը իրավունքի գրանցումից հետո վերջինիս կողմից քանդվել է: Մնացած՝ 526.9քմ մակերեսով տարածքը 22.11.2011 թվականին կնքված ավանդի ներդրման պայմանագրով ներդրվել է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում և ներկայումս այն սեփականության իրավունքով գրանցված է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ»:
© Հետք