Ընդամենը մի քանի ամսից Վաշինգտոնի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարանում (International Court for Settlement of Investment Disputes) մեկնարկելու է ամերիկահայ գործարար, «Արինկապիտալ» ընկերության ղեկավար Էդմոն Խուդյանի հայցի քննությունը։
Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան:
Բացի Լևոն Սարգսյանից, այս գործով անցել են բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու հանրությանը ոչ անհայտ անձինք։ Մասնավորապես, վերջերս ուշադրությամբ ծանոթանալով գործի որոշ նյութերի, այնտեղ հայտնաբերեցինք Գագիկ Վանեցյան անուն-ազգանունը։ Նա ևս Խուդյանին պատկանող շենքում տարածքներ է ձեռք բերել, ապա նաև հարցաքննվել տարիներ շարունակ քննված այս գործով։
Գագիկ Վանեցյանը, նշենք, ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայրն է, խոշոր գործարար, նրան պատկանող «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում:
Էդմոն Խուդյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Վանեցյան անուն-ազգանունով մարդ կա գործում, ով տարածքներ է ձեռք բերել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում էլ Գագիկ Վանեցյանը հարցաքննվել է, ասել է, որ գումարներ է տվել, տարածքներ է ձեռք բերել, սակայն այդ ուղղությամբ լիարժեք քննություն չի գնացել, ու դրվագը չի պարզվել։ Ըստ էության Մաշտոցի 33/1 հասցեում գտնվող շենքից Գագիկ Վանեցյանը ձեռք է բերել բնակարանի տարածքը, բայց դա իրական ձեռքբերում չի եղել, ու դրանով փաստացի կոծկվել է Վլադ Մանգասարյանի կողմից տարածքների հափշտակումը։
Մասնավորապես, Մաշտոցի 33/1 հասցեից Գագիկ Վանեցյանը 2010 թվականի հունիսի 4-ին ձեռք է բերել շենքի 2-րդ հարկի հասարակական նշանակության տարածքը՝ 74 քմ մակերեսով, և նույն թվականի ապրիլի 26-ին ձեռք է բերել շենքի 13-րդ հարկի թիվ 68 բնակարանը՝ 104.5 քմ մակերսով։ Խոսք է գնացել բավական մեծ գումարների մասին: «Այս գործարքներում եղել է նաև երրորդ անձ, հօգուտ այդ երրորդ անձի է գնումը կատարվել, բայց թե ինչ գումարային հարցեր են եղել նրանց միջև ըստ էության, երևի քննությանը այդքան էլ կարևոր չի թվացել, և այդ դրվագով խորացված քննություն առհասարակ չի գնացել։ Քննությունը գնացել է այն ուղղությամբ, որ Վլադ Մանգասարյանն ապօրինի է այդ տարածքները վերցրել, առանց ընկերությանը գումարներ վճարելու, տարածքների հափշտակում է եղել, և այդ մասով բացահայտվել է գործը»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Էդմոն Խուդյանի «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը համաներում կիրառեց ամռանը։
Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք էր առաջադրվել մի շարք անձանց առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, գործընկերոջ՝ Էդմոն Խուդյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա կառուցվող շենքից գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու կեղծ խոստումով, խաբեությամբ նրանցից ստացել ու հափշտակել է ընդհանուր առմամբ 311.615.500 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերով գույք, իսկ կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ինչպես իր, այնպես էլ շենքի հետ փաստացի առնչություն չունեցող և հիշյալ շենքից տարածքներ օտարելու իրավասություն չունեցող «ՎԷՌՄ» ՍՊ ընկերության անունից նրանց հետ կնքել է առքուվաճառքի նախնական պայմանագրեր:
Տարիներ շարունակ տևած դատավարությունն ավարտվել է այս տարվա հուլիսի 29-ին։ Դատավորը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը, խարդախությամբ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությունը, սակայն Մանգասարյանի նկատմամբ որպես պատիժ չնշանակվեց ազատազրկում։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրա նկատմամբ համաներում է կիրառել ու ազատել պատժի կրումից՝ այն պարագայում, երբ Մանգասարյանը չի վերականգնել ո՛չ ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի և ոչ էլ մյուս տուժողներին պատճառված վնասը։
Էդմոն Խուդյանը մեզ հետ զրույցում այս վճիռը վերջնական ապտակ էր որակել Հայաստանի արդարադատությանը։
Լեռնիկ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 29-ին հրապարակված դատավճիռն առ այսօր չեն ստացել, հետևաբար, քանի դեռ դատական ակտը ձեռքի տակ չունեն, չեն կարող բողոքարկել այն։
© 1in.am