Կորոնավիրուսի պանդեմիան մի կողմից համաշխարհային աղետ է, մյուս կողմից էլ կյանքի վերաիմաստավորման, աշխարհում մարդու տեղի ու դերի վերաարժևորման հնարավորություն։
Մարդասիրական այդ ալիքը հասել է նաև Հայաստան՝ գոնե Կառավարության, բուժաշխատողների և բազմաթիվ կամավորների մակարդակով, որոնք դիմացինին օգտակար լինելու համար հաճախ վտանգում են նաև սեփական առողջությունը։ Սակայն ՀՀ դատախազությունն ու դատարանների մեծամասնությունը շարունակում են իներցիայով գործել՝ անտեսելով մարդասիրական սկզբունքներն ու միջազգային մարմինների կոչերը։
Իտալիայում, ԱՄՆ-ում, Իրանում բազմաթիվ կալանվորներ ազատ են արձակվել՝ կալանավայրերում վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Հայաստանում ևս եզակի դեպք է գրանցվել, երբ դատավորը համաճարակի կապակցությամբ հրատապ կարգով քննարկել է ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու հարցը և գրավի դիմաց ազատ է արձակել։ Խոսքը ոչ թե դատապարտյալի, այլ կալանավորի մասին է, ում մեղքը դեռ չի ապացուցվել դատարանում։
Այդպիսի կալանավոր է նաև Վահագն Աբգարյանը, ով ավելի քան 26 ամիս ազատազրկված է, իսկ դատական նիստերն անվերջ ձգձգվում են։ Նախորդ դատական նիստին Աբգարյանի պաշտպանը միջնորդել էր դատարանին անհապաղ քննարկել խափանման միջոցը փոխելու հարցը՝ վկայակոչելով նրա առողջական խնդիրներն ու անհապաղ վիրահատվելու անհրաժեշտությունը։ Դատավոր Սուսաննա Գզոգյանը, սակայն, որոշեց քննարկել միջնորդությունը տանսչորս օր անց՝ հաջորդ դատական նիստը նշանակելով մարտի 25-ին։
Ստեղծված համաճարակային պայմաններում այս դատական նիստը կարող է չկայանալ։ Սա նշանակում է, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձը շարունակելու է գտնվել կալանավայրում անորոշ ժամանակով, իսկ կալանավայրերը վարակի ներթափանցումից երաշխավորված չեն։ Սա այն պարագայում, երբ Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն կորոնավիրուսի վարակի հետ կապված իր սկզբունքներում առանձնացրել է, որ ներկայումս պետք է առավել հաճած կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Իսկ իր ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասել էր հետևյալը․ «Ինքահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետև հենց նման պահերին ենք հասկանում, թե որքան խոցելի ենք մենք»։ Դժվար է պատկերացնել, որ ՀՀ գլխավոր դատախազը և դատավորների մեծամասնությունը կհրաժարվեն իրենց վատ սովորություններից, սակայն երեկ գրանցված բացառիկ դատական որոշումը չնչին հույսեր է արթնացնում այս կապակցությամբ։