2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները:
Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը:
Օրենսգրքերի կիրառությունն ապահովելու նպատակով արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ծավալուն աշխատանք։
Մասնավորապես՝
• իրականացվել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրությունը հնարավորինս սահուն գործարկելու նպատակով.
• մշակվել և ընդունվել են հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող շուրջ 100 օրենքների և շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր.
• իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար ամիսներ շարունակ իրականացվել են վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ.
• վերապատրաստումներին համընթաց և դրանց հիման վրա մշակվել են տեսադասախոսություններ, որոնք հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում.
• զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ուղեցույցները:
Արդարադատության նախարարությունը կոչ է անում իրավակիրառ մարմինների գործընկերներին հնարավորինս շատ օգտվել նոր օրենսգրքերով նախատեսված արդյունավետ լուծումներից, որոնք ուղղված են վարույթային արդյունավետության ապահովմանը, հանցանքների բացահայտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների նախատեսմանը:
Օրենսգրքերն ուժի մեջ մտնելուն պես արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու՝ վեր հանելու բոլոր հնարավոր խնդիրները և ապահովելու դրանց հասցեագրումը։