Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և
Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։
Նախագծով առաջարկվում է նաեւ անձնական բժիշկ նախատեսել ԱԺ նախագահի համար: Օրենքի նախագծի հիմնավորումների բաժնում նշված է, որ օրենքի ներկա կարգավորումներով նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկին ծանոթ չէ ու տեղյակ էլ չէ, թե ինչ ծավալի ծառայություններ են։ «Բայց ընդհանրապես համակարգային ցանկացած խնդրի վերաբերյալ խտրական մոտեցումն այդքան էլ նախընտրելի չէ, այսինքն, պետք է լինի հստակ հիմնավորում, թե ինչու կոնկրետ այդ անձին կամ այդ պաշտոնյանին։
Ինչ վերաբերում է հիմնավորմանը, թե խորհրդարանական երկրում պետական պաշտոնյան պետք է օգտվի բոլոր այն հնարավորություններից, որ պետական պաշտոնյաներն են օգտվում՝ ապա պետք է ասեմ՝ վարչապետի ու նախագահի դեպքում էլ էր խտրական։
Երկրում որտեղ բազմաթիվ սոցիալական կարիքներ ունեցողներ կան, որտեղ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք կան, որտեղ սոցիալապես անապահով աղքատ ժողովուրդ կա, այդ երկրում շատ ավելի լավ կլիներ, որ պաշտոնյաներն առաջին իրենց ուշադրությունը սևեռեին այդ խմբերի վրա, բայց մենք, ցավոք, նման զգայուն պաշտոնյաներ չունենք, ամեն մեկը մտածում է իր մասին»։
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես ծանոթ չէ նախագծին։ «Քանի որ վերջերս որևէ հոդաբաշխ առաջարկ չենք տեսել, որևէ առաջարկի որևէ կերպ չեմ վերաբերվում։ Այսօր ինձ ուրիշ բան է հետաքրքրում, ինձ միայն հետաքրքրում է այն, որ ՀՀ տարածքում այսօր ադրբեջանցիներ են գտնվում ու պետք է Իրանի ԱԳՆ-ն որոշակի գործողություններ անի, ոչ թե մենք։ Հիմա ինձ չի հետաքրքրում, թե ում որտեղ կընդգրկեն, ում փողով, միևնույն է՝ բոլոր գումարները ծախսվում է մի քանի ուղղությամբ»։
Դիտարկմանը, թե որքանով է նման առաջարկը կոռեկտ այն իրավիճակում, երբ մինչև 2022 թ-ի պետպատվերով բուժսպասարկումը սառեցվել է, նա արձագանքեց. «Իսկ այդ անձինք դժգո՞հ են, այն անձինք, ում համար սառեցվել է բուժսպասարկումը, այդ անձինք դժգո՞հ են, որևէ մեկը դժգոհո՞ւմ է, որ դրա փոխարեն Ալեն Սիմոնյանին են ուզում անվճար բուժսպասարկում տրամադրել, եթե որևէ մեկը չի դժգոհում՝ ինչո՞ւ են մյուսները խառնվում իրար։ Դուք դժգոհությո՞ւն եք տեսել, ուրեմն այդ մարդիկ երևի գոհ են ու ապագա կա նաև երկնքում։ Հավատացեք, բոլորը գոհ են, կարող է էդ մարդիկ ուզում են, որ այդպես լինի, ես որևէ մեկին չեն տեսել, որ փողոցում դժգոհեն, թե իրենք պետպատվերից դուրս են մնացել։ Մարդիկ հակառակը գոհ են, ասում են ամեն ինչ լավ կլինի, թուրքերի հետ առևտուր կանենք, տնտեսական աճ կլինի, երեխա ենք կորցրել, բայց լավ կառավարություն ունենք։ Ու սա արդյունք է նրա, որ 30 տարի Հայաստանում տգետ հանրություն դաստիարակեցինք, պատմություն չիմացող ու նյութապաշտ հանրություն»։