• August 25, 2022

Աղքատները իրենց հարկերի հաշվին պահում են օրենսդիր եւ գործադիր մարմինների անդամներին, որ ճոխ ապրեն

Աղքատները իրենց հարկերի հաշվին պահում են օրենսդիր եւ գործադիր մարմինների անդամներին, որ ճոխ ապրեն

Երբ ծայրահեղ աղքատության ֆոնին, կառավարությունը 1900 դրամ կեսաթոշակ է ավելացնում, այն դեպքում, որ նվազագույն կենսաթոշակի չափը սեպտեմբերից կազմելու է ընդամենը 30. 500 դրամ, 28. 600 դրամի փոխարեն։

Այսինքն կենսաթոշակը կավելանա 1900 դրամով, մոտ 7 տոկոսով:

Ի՞նչ կփոխի այդ գումարը թշվառության մեջ ապրող թոշակառուի կյանքում, այն դեպքում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միայն այս տարի 3 անգամ թանկացել է, չենք կարող բացատրել, որովհետեւ միայն հացը 60 դրամով թանկացել է, իսկ մենակ ամեն օր մեկ շնչի համար նախատեսված մեկ հացը ամսվա կտրվածքով կազմում է 6.500 դրամ։

Այս ամենի ֆոնին մի շարք լրատվամիջոցներ հարցումներ են կատարել ճշտելու, թե վարչապետի միայն Սեւանում գտնվող ամառանոցում 1 օրվա կեցության ծախսերը ինչքան են կազմում։ Պատասխանը եղել է` հույժ գաղտնի։ Անցնենք առաջ։ Երբ շատերը ոգեւորված են 1900 դրամ կեսաթոշակի ավելացումով, հիշեցնենք, թե կառավարությունը, ինչ ճոխություններ է թույլ տվել վերջին շրջանում, այն դեպքում, որ պետական պարտքը գնալով ավելանում է, միայն այս տարվա մարտ ամսվա տվյալներով պետական պարտքը ավելացել է` 2 միլիարդ 450 միլիոն ԱՄՆ դոլարով, կամ 35.8 տոկոսով։

Կառավարությունը 90 մլն դրամ հատկացերց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li x Drive LCI դասի մեքենա ձեռք բերելու համար: Կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ կհատկացնի փոխվարչապետի եւ աշխատակազմի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի ընդունարան տանող վերելակի փոխարեն նորը գնելու համար: Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգեւավճար են ստացել: Կառավարությունը 2,5 մլն դրամ կհատկացնի՝ մաքսային աշխատողի հագուստի էսքիզը մշակելու համար: Կառավարությունը ՊԵԿ-ին 229.9 մլն դրամ հատկացրեց համակարգիչ ձեռք բերելու համար: Կառավարությունը Գառնու տաճարի մոտ համերգի կազմակերպման համար 471 հազար դոլար է հատկացրել։ Նաեւ ավելացնենք, որ մեր պայմաններում Երեւան – Սպիտակ Շորժա մարդատար ուղղաթիռի 1 թռիչքը 4 հոգու համար արժե 720.000 դրամ։

Եվ այս ամենը միայն այս տարվա տվյալներն են, որ այդպես էլ պետական պարտքի ավելացման դեպքում է կառավարությունը թույլ տալիս իրեն գերճոխություններ, իսկ թշվառության մեջ ապրող ծերերի կենսաթոշակը ավելացնում է ընդամենը 1900 դրամով։ Դե կարող էր կառավարությունը դա էլ չանել, բայց այստեղ պետք է տեղն եկած պահին արդարացնեն իրենց գերճոխությունները պետության հաշվին, այն դեպքում, որ պետությունը պարտք է անում, որ շքեղության մեջ ապրի, իսկ աղքատները իրենց հարկերի հաշվին պահեն օրենսդիր եւ գործադիր մարմնի անդամներին։