ԱԺ-ն քննարկեց հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի՝ նվերներ ընդունելու սահմանափակումները

| Veles ngo | ,

Ազգային ժողովը քննարկում  է «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին  հարցը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախագծի ընդունումը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից:

Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի զեկույցների շրջանում վերհանվել են մի շարք խնդիրներ: Անբավարար է գնահատվել ՀՀ-ում նվերները բացահայտելու վերաբերյալ գործիքակազմը:

«Հիմնական հանձնարարականները եղել են հետևյալը. օրենքով պետք է հստակ սահմանել շահերի բախման իրավիճակների վերաբերյալ հայտնելու, նման իրավիճակներում որոշում կայացնելու և շահերի բախման իրավիճակների լուծման պարտավորություններ»,- ասաց Սարգսյանը:

Ըստ առաջարկների՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական)   պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև:

Սույն օրենքի իմաստով՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողությունները, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է՝ պայմանավորված անձի (այդ թվում նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվել է առանձին հոդված՝ ուղղված նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանած կարգը խախտելու դեպքում պատասխանատվություն նախատեսելուն»,- ասաց փոխնախարարը: 

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.

կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.

օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

https://www.1lurer.am/hy/2022/10/25/%D4%B1%D4%BA-%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6-%D5%A6%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A5%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81-%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D6%83/820364

 94 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: