Վահագն Խաչատուրյանը երկրորդ փուլով ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցել է Ազգային ժողովի 71 պատգամավոր, «կողմ» է քվեարկել 71, «դեմ»՝ 0։
Նշենք, որ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Առաջին փուլում Խաչատուրյանը չընտրվեց։
Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:
Նորընտիր նախագահի կենսագրությունը․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959 թ. ապրիլի 22, Սիսիան:
Կրթություն
1980 թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:
Աշխատանքային գործունեություն
1982-1989 թթ. – «Հրազդանմաշ» ձեռնարկություն
1989-1992 թթ. – «Մարս» գործարանի գլխ. տնօրենի տեղակալ
1990-1996 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր
1992-1996 թթ. – Պատգամավորների, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երևանի քաղաքապետ)
1995-1999 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1996-1998 թթ. – ՀՀ նախագահի խորհրդական
2000 թ. – «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ
2002 թ․ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահ
2006 թ. – «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ
2019- 2021 թթ․- «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ
2021 թ. օգոստոսի 4-ից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա: